Արմեն Չարչյանը մանդատը վայր կդնի
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատը վայր կդնի։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Չարչյանը նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին էր ազատ արձակվել։ Ըստ աղբյուրի, որ Չարչյանը ներկայումս բուժման մեջ է, դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ազատ արձակվելուց հետո նա խորհրդարանի նիստերին չի մասնակցում։ Երեկ մեկնարկած ութերորդ գումարման ԱԺ-ի ձմեռային նստաշրջանին ևս Չարչյանը ներկա չէր։
Irakanum.am-ի հետ զրույցում Արմեն Չարչյանը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանելուց, հայտնելով, որ ի վիճակի չէ։ Հարցին, թե հարցը վերաբերում է մանդատը վայր դնելուն, կհերքե՞ք, թե՞ կհաստատեք, Արմեն Չարչյանն ասաց․ «Ոչ մի տեղեկություն, ես հիմա ի վիճակի չեմ այդ հարցերին պատասխանելու»։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի կազմում պատգամավորի մանդատ ստանալուց առաջ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը մեղադրվեց իր ղեկավարած հիվանդանոցի աշխատակիցներին հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Չարչյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նախորդ տարեվերջին Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում, համաձայն, որի անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։
Կարծիքներ