Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ-ում տիրող ներկայիս իրավիճակը

Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ-ում տիրող ներկայիս իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հանգամանորեն քննարկվել են Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները, ինչպես նաև միջազգային մի շարք հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող ներկայիս իրավիճակը։

Ինչպես ընդգծել է Վլադիմիր Պուտինը, չնայած Ռուսաստանը և Եվրամիությունը միմյանց համար շարունակում են մնալ շատ կարևոր գործընկերներ առևտրի և ներդրումների ոլորտում, այնուամենայնիվ, Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս վիճակը չի կարող բավարար համարվել: Նշվել է, որ պրագմատիկ և հարգալից համագործակցությանը վերադառնալը կբխեր ընդհանուր շահերից: Կողմերը կարծիք են հայտնել կոնկրետ ոլորտներում, օրինակ՝ առողջապահության, կլիմայի և տարածաշրջանային հակամարտությունների լուծման ուղղություններով փոխգործակցության ակտիվացման կարևորության մասին։

Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին, այդ թվում՝ ԵՄ-ում« Sputnik V» դեղամիջոցի սերտիֆիկացման հեռանկարներին և հակահամաճարակային սահմանափակումների պահպանման պայմաններում քաղաքացիների փոխայցելությունների պայմանների ապահովմանը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների հետագա հետևողական իրականացման կարևորությունը: Առաջնային խնդիրներից նշվել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը։ Շառլ Միշելը աջակցություն է հայտնել կատարվող աշխատանքներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների գծով», – գրված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։

Պուտինն ու Միշելը քննարկել են նաև Բելառուսի շուրջ իրավիճակը։ ՌԴ նախագահը անարդյունավետ է անվանել Բելառուսի վրա ճնշումը պատժամիջոցների միջոցով։

Քննարկվել են նաև Ուկրաինան, Դոնբասում տիրող իրավիճակը, Լիբիան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում