Առողջապահության նախարարը Ժորժ Քեփենեկյանի և Քելիլ Այթուի հետ քննարկել է ՀՀ-ի ու Արցախի առողջապահական կարիքները

Առողջապահության նախարարը Ժորժ Քեփենեկյանի և Քելիլ Այթուի հետ քննարկել է ՀՀ-ի ու Արցախի առողջապահական կարիքները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ներկայացնելով մանրամասներ:

Հանդիպման ընթացքում կողմերը հստակեցրել են առողջապահական ներկայիս կարիքները և քննարկել Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության ուղղությունները` հատուկ ուշադրություն դարձնելով Արցախում վերականգնողական ծառայությունների տրամադրման հարցին, ինչպես նաև Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի վերականգնմանն ուղղված աշխատանքներին:

«Ներկայումս կարևորագույն խնդիր է Հայաստան ժամանակավորապես տեղափոխված արցախցիների հայրենիք վերադարձը, որի համար անհրաժեշտ է ապահովել Արցախի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը: Իսկ դրա լուծումը կարող է դառնալ վերանորոգված բժշկական կենտրոնների և դրանցում սարքավորումների առկայությունը, բուժաշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը», - ասել է Անահիտ Ավանեսյանը:

Նախատեսվում է ուղիղ կապ ստեղծել Հայաստանի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի և Արցախի հիվանդանոցների միջև, որի շրջանակում կանցկացվեն բժիշկների և բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ, կիրականացվեն փորձի փոխանակման ծրագրեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում