Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանի վարչապետին
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Կողմերը շնորհավորել են միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ՝ շեշտելով, որ երկու ժողովուրդներին կապում է ընդհանուր պատմությունը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ, ուստի բարձր է գնահատում Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է նաեւ, որ Ադրբեջանը, շարունակելով ծավալապաշտական քաղաքականությունը, սեպտեմբերի 13-ին լայնածավալ հարձակում է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հանդեպ:
Անդրադառնալով Արցախի հարցին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ առաջնային է մնում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու ազատությունների երաշխավորման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը միտված երկկողմ համագործակցության հեռանկարները: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ երեկ ջերմ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ փաստել, որ հայ-վրացական հարաբերություններն այժմ ավելի բարձր մակարդակի վրա են, քան երբեւէ: Նրա խոսքով դա են վկայում բարձրաստիճան փոխայցերի հաճախականությունը եւ խաղաղության ձգտելու ընդհանուր ջանքերը:
Կարծիքներ