Ավստրիայի կանցլերը շնորհավորել է Հայաստանի վարչապետին՝ նշանակման առիթով
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ 2021թ․սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է իր անկախության 30-ամյակը։ Այս տարիների ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները շարունակաբար խորացել և ընդլայնվել են։ Ուրախ եմ, որ Ավստրիական զարգացման գործակալությունը մեծապես ակտիվացրել է իր ներգրավվածությունը վերջին տարիների ընթացքում։ Ներկայում Հայաստանը Ավստրիայի համար կենտրոնական երկրների շարքում է զարգացման քաղաքականության համատեքստում։ Այս ամռանը ԱԶԳ-ն լիարժեք գրասենյակ է բացել Հայաստանում։ Ակնկալում եմ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացում նաև տնտեսական ոլորտում։ Դուք վերստին ստանձնում եք վարչապետի պաշտոնը բարդ ժամանակներում։ Covid-19 համավարակը և նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը ծանր մարտահրավերներ էին Հայաստանի համար։ Ավստրիան անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին նոր բռնության սրմամբ, որը շարունակում է կյանքեր խլել։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ Ավստրիան շարունակելու է առավելագույնս աջակցել վստահության կառուցմանը տարածաշրջանում, ինչպես նշել է ԱԳ նախարար Շալլենբերգը ԵՄ մանդատով Հայաստան կատարած այցի շրջանակում։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն Ձեր պարտականություններն իրականացնելիս»։
Կարծիքներ