Չինաստանում Boeing 737-ի վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են
Չինաստանի հարավում՝ Boeing 737 ուղևորատար ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Փրկարարները դեպքի վայրում վերլուծել են իրադրությունն ու եկել եզրակացության, որ չորեքշաբթի առավոտյան սկսված անձրևի պատճառով կարող են սողանքներ առաջանալ։ Ավիաաղետի վայրում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Մինչ այս պահը չի հաջողվել գտնել ո՛չ ողջ մարդկանց, ո՛չ էլ զոհերի դիերը։ Չի հաջողվել գտնել նաև ինքնաթիռի սև արկղերը։ Վթարի պատճառի մասին դեռևս դժվար է ասել։Դեպքի վայրում հայտնաբերվել են միայն մի քանի այրված իրեր՝ դրամապանակներ և փաստաթղթեր։
China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, որում եղել է 132 մարդ, որից 9-ը՝ անձնակազմի անդամ, ընկել է մարտի 21-ին Գուանսի Չժուանի ինքնավար մարզի Ուչժոու քաղաքային տարածքում։ Այն չվերթ էր իրականացնում Կունմինից Գուանչժոու։
Սա վերջին 12 տարում Չինաստանում տեղի ունեցած խոշորագույն ավիաաղետն է։
Կարծիքներ