Գործընթացը շարունական է ոչ միայն Խծաբերդի, այլ ընդհանրապես բոլոր գերեվարվածների հետ կապված. Նազելի Բաղդասարյան

Գերիների վերադարձման գործընթացը շարունակական է, ոչ միայն Խծաբերդի, այլ ընդհանրապես մյուս գերեվարվածների հետ կապված: Աշխատանքներ են տարվում տարբեր գերատեսչությունների կողմից, և տարբեր ատյաններում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ Շիրակի մարզպետարանում վարչապետի ու Շիրակի գերեվարված զինծառայողների ծնողների հանդիպման ավարտից հետո:
Հանդիպումից մանրամասներ պատգամավորը չբարձրաձայնեց: Ասաց թեման գերզգայուն է, նաև գերիների հետ կապված ցանկացած ինֆորմացիա, որը կհայտնվի լրատվական դաշտում, կարող է հակառակորդի կողմից մեր դեմ օգտագործվել:
«Թույլ տվեք հանդիպումը որևէ կերպ չմեկնաբանել, պարզապես ասեմ, որ ծնողներն այսօր տեղյակ եղան, թե գործընթացն ինչ փուլում է: Մեր խնդիրն այն է, որ կարողանանք հայտարարության 8-րդ կետի իրականացման ամբողջականությունն ապահովենք և քայլերը հետևողականորեն միտված են այդ հանգուցալուծմանը:
Հայտարարության 8-րդ կետն ասում է, որ վերադարձվում են գերեվարված, պատանդ պահված անձինք, և այլ անձինք, որոնք գտնվում են Ադրբեջանում: Այսինքն անկախ իրավական կարգավիճակից, վերադարձվում են բոլորը:
Ժնևի 3-րդ կոնվենցիան նշում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո հակառակորդ երկրում գտնվող բոլոր անձինք ենթակա են վերադարի, և սա է պատճառը, որ միջազգային ատյաններում մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի օր շուտ մեր հայրենակիցները հայրենադարձվեն »,-ասաց Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում էր: Շիրակի մարզպետարանում վարչապետը հանդիպեց գերեվարված զինծառայողների հարազատների ու ծնողների հետ:
Կարծիքներ