Հայաստանը Լաչինի միջանցքից բացի այլ ճանապարհով Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու հարց քննարկելու իրավասություն չունի․ Արարատ Միրզոյան

Հայաստանը Լաչինի միջանցքից բացի այլ ճանապարհով Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու հարց քննարկելու իրավասություն չունի․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի պնդումներին, թե Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի միջև վերջին եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխում ապահովելու շուրջ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը դեռևս 2020թ. նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել Լաչինի միջանցքի վերաբերյալ, և այդ համաձայնության տակ առկա է նշյալ երեք երկրների ղեկավարների ստորագրությունները։ 

«Մենք վերահաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը պետք է վերացվի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։ Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր»,- նշել է Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հատկանշական է համարում այն, որ միջազգային գործընկերներն իրենց հանրային հայտարարություններում ևս ընդգծել են, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերացումն այլընտրանք չունի և որ այլ ճանապարհներին զանազան անդրադարձերը չեն կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը, որն Ադրբեջանի ուղղակի պարտավորությունն է:

«Այս առումով ավելորդ չէ կրկին հիշեցնել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումների մասին, որոնք աներկբայորեն վերահաստատում են մեր նշյալ դիրքորոշումը»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում