ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է. վարչապետը՝ ԵԽ գագաթնաժողովում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Տիկնայք և պարոնայք,
Մենք մեր օրինակով ենք տեսել, որ պատերազմը ժողովրդավարության ամենամեծ սպառնալիքն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանում ժողովրդավարության պակասի արդարացում էր երկար ժամանակ:
2018 թվականին մեր թավշյա հեղափոխությունը Հայաստանին ժողովրդավարական մեծ առաջընթաց բերեց, բայց 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ու Հայաստանը ներքաշվեց պատերազմի մեջ: Շատերն այսօր էլ մտածում են, որ պատերազմի պատճառը Հայաստանի ժողովրդավարական ձգտումներն էին՝ մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը կարող է կասկածով ընկալվել:
2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի հրադադարի մասին եռակողմ հայտարարություն, որը պետական ինստիտուտների՝ Կառավարության և Ազգային ժողովի վրա հարձակման պատճառ դարձավ, որովհետև սանձազերծված պատերազմն, ըստ ամենայնի, նաև Հայաստանում Կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ:
Բայց մենք կարողացանք երկրի ժողովրդավարությունը պահպանել: Ավելի ուշ որոշում կայացրեցինք գնալ արտահերթ ընտրությունների՝ հանրային միասնությունը վերգտնելու համար: Եվ երկու օր այն բանից հետո, երբ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով իմ և Ազգային ժողովի հրաժարականն ուժի մեջ մտավ, 2021թ. մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք: Եթե մենք այդ դրվագում շեղվեինք ժողովրդավարությունից, պետականությունը կկորցնեինք, բայց մենք գնացինք ժողովրդավարական ճանապարհով և ունեցանք միջազգայնորեն ազատ և ժողովրդավարական ճանաչված ընտրություններ, և ձևավորեցինք խաղաղության օրակարգ:
Բայց այդ խաղաղության օրակարգը նույնպես ենթարկվեց հարձակումների. 2021թ. նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանը կրկին ներխուժումներ իրականացրեց ՀՀ տարածք:
2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի աջակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ եկանք համաձայնության, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն որի` Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:
Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը:
Բայց Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով ԼՂ հայերն արդեն 5 ամիս շրջափակման մեջ են և ապրում են հումանիտար ճգնաժամի պայմաններում: Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո, կենսական: Այս հարցերի հասցեագրմանը աջակցելով, ԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»:
Կարծիքներ