Լիբանանի Տիր քաղաքում 7 մարդ է զոհվել իսրայելական օդուժի հարվածների հետևանքով
Լիբանանի հարավում գտնվող Տիր հնագույն քաղաքին իսրայելական օդուժի հասցրած հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 7, վիրավորվել՝ 46 խաղաղ բնակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշվում է Լիբանանի առողջապահության նախարարության Արտակարգ իրավիճակների կենտրոնի հաղորդագրությունում:
Նոյեմբերի լույս 9-ի գիշերը իսրայելական օդանավերը ուժգին ռմբակոծության են ենթարկել Տիր քաղաքի կենտրոնը, ինչի հետևանքով չորս բազմահարկ շենքեր հիմնահատակ փլվել են, իսկ մի քանիսը՝ լրջորեն վնասվել: «Թարմացված տեղեկություններով՝ Տիրի ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, իսկ 46 խաղաղ բնակիչներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ»,- նշված է հաղորդագրությունում: Արտակարգ իրավիճակների կենտրոնից հայտնել են նաև, որ փլատակներում հայտնաբերվել են զոհվածների մարմինների բազում հատվածներ:
Ըստ այդմ՝ դրանց պատկանելությունը պարզելու նպատակով կատարվելու են համապատասխան փորձաքննություններ:
Հարվածների վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները՝ անհետ կորածների մարմինները հայտնաբերելու համար։
Կարծիքներ