Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը` սենատոր Լեո Հուսակոսի գլխավորությամբ:
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Կանադայի միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և հավելել, որ երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում կրում են դինամիկ բնույթ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կանադայի աջակցությունը ՀՀ կառավարությանը` ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կազմում ներգրավվելու կանադական կողմի որոշման կարևորությունը:
Կանադայի խորհրդարանական պատվիրակության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
Կարծիքներ