Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտման պատճառով կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտման պատճառով կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մկրտումյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (գ. Թաիրով) անցկացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից հայտնում են, որ խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը չեն ունեցել հարթ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող մակերես, ինչի արդյունքում չի կանխարգելվում կեղտի կուտակումն ու բորբոսների աճը, խոհանոցի գույքը՝ սեղանները, աթոռները, փակվող կափարիչներով աղբամանները, կաթսաները, դարակաշարերը՝ հնամաշ է, պատշաճ չի կարող մաքրվել և ախտահանվել, ուստի ենթակա է փոխարինման:

Բացի այդ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, ինչպես նաև՝ այս կազմակերպության սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում