ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն իմ մորաքույրն է. Էջմիածնի քաղաքապետ
ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն իմ մորաքույրն է, ում սիրում եմ յուրօրինակ, լուռ, անգամ մի փոքր ամոթխած սիրով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն իմ մորաքույրն է, ում սիրում եմ յուրօրինակ, լուռ, անգամ մի փոքր ամոթխած սիրով: Մի տեսակ ամբողջ կյանքում ինձ յուրահատուկ պատկառանք է ներշնչել, որից մանկուց քաշվել եմ, հետը խոսելիս գիտելիքիս ու խելքիս պակասից միշտ բարդույթավորվել եմ ու թաքուն հիացել նրանով: Միեւնույն ժամանակ միշտ իմացել եմ՝ բաց գրքի նման կարդում է հոգիս, շատ բան գիտի, բայց քիչ է խոսում, որովհետեւ այդպիսին է նա. զուսպ, նրբանկատ ու բացառիկ իմաստուն:
Մասնագիտությանս ընտրության հարցում ամենամեծ ներդրում ունեցած մարդն է տիկին Գյուլումյանը, սակայն այդ առումով ինձ, իհարկե, այդպես էլ չհաջողվեց հասնել այն բարձունքին, որին նա էր կանգնած: Երբեք չէի մտածի, որ կյանքը կդասավորվի այնպես, որ մի օր որեւէ հարցի շուրջ կլինենք տարբեր բեւեռներում, բայց անգամ երբ դա տեղի ունեցավ, տիկին Գյուլումյանը չդավաճանեց իր ոճին, իր մարդկայնությանն ու հոգատարությանը: Այսպես, մեկ անգամ հանդիպեցինք այն ժամանակահատվածում, երբ քարոզում էի «ԱՅՈ» ասել հանրաքվեին, որի արդյունքում մորաքույրս անցնելու էր թոշակի: Շատ քաշված էի, մեղքի զգացում ունեի, բայց նրա մոտ չտեսա մեղադրանքի, նեղացվածության նշույլ անգամ, իսկ հայացքում կարդացվում էր «Բալե՛ս (ինձ հաճախ այդպես է դիմում), անում ես այն, ինչին հավատում ես կամ ինչ պարտավոր ես, մի՛ նեղվիր»:
Ամենաբարդ ընտրություններից մեկն է պարտականության ու սիրո միջեւ ընտրությունը, բայց ես հավատում եմ, որ կարելի է գոնե փորձել ընտրություն կատարելու փոխարեն հավասարակշռել.
- ունե՞մ տարաձայնություններ Ալվինա Գյուլումյանի հետ՝ ԱՅՈ,
-դրանից ավելի պակա՞ս եմ սիրում ու հարգում նրան՝ ՈՉ,
-կցանկանա՞յի, որ ամեն ինչ այլ կերպ դասավորվեր՝ ԻՀԱՐԿԵ,
-ստեղծված իրավիճակում դադարու՞մ եմ հպարտանալ, որ ունեմ այսպիսի մորաքույր՝ ԵՐԲԵՔ,
-պե՞տք է հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին՝ ՄԻՇՏ,
-պե՞տք է հարգել նաեւ դիմացինի սկզբունքայնությունը՝ ՄԻԱՆՇԱՆԱԿ:
Թերեւս ամփոփելով երկար ու զգայական տեքստս՝ նշեմ, որ կյանքում ամեն բան անցողիկ է, մինչդեռ ընտանիքը հարատեւ է: Դա այն հանգրվանն է, ուր հաջողություններից ու ձախողումներից հետո միշտ վերադառնում ես: Հենց այդ ընտանիքիս ամենասիրելի անդամներից է Ալվինա Գյուլումյանը, ում մարդկային տեսակի մասին կարող եմ անվերջ գրել:
Հ.Գ. Խնդրում եմ քաղաքական հակառակորդներիս կամ քննադատներիս չփորձել գրառմանս իմաստն աղճատել եւ այն իմ դեմ օգտագործել. ես խոսել եմ մարդկային արժեքների, այլ ոչ քաղաքական կատեգորիաների մասին:
Հ.Գ.Գ. Սիրելի լրագրողներին խնդրում եմ գրառումս սենսացիոն վերնագրով նյութ չսարքել՝ դարձյալ վերեւում նշված պատճառով:
Հ.Գ.Գ.Գ. Ջնջելու եմ ցանկացած անպարկեշտ կամ վիրավորական մեկնաբանություն»։
Կարծիքներ