ՀՀ վարչապետը և Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման շուրջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Գերմանիայի հետ համագործակցությունը հետևողական կերպով զարգացնելու և ընդլայնելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին քաղաքական, տնտեսական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և ընդգծել երկկողմ բարձր մակարդակի, ինչպես նաև միջխորհրդարանական երկխոսության փաստը: Վարչապետը շեշտել է Գերմանիայի աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման գործում: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը կարևորել է կանցլեր Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, ինչպես նաև ընդգծել նախորդ տարվա աշնանը Գրանադայում Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և իր քառակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքների կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացման, Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության և այլ հարցերի շուրջ:
Կարծիքներ