Այս պահին մենք շատ անարդար կերպով ենք վճարում գույքահարկ. Սարհատ Պետրոսյան
Կադաստրի նախկին պետ Սարհատ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Գույքահարկի, կամ ավելի ճիշտ՝ անշարժ գույքի հարկի վերաբերյալ քննարկումներն ինձ պես բազմաթիվ հետազոտողների ու ոլորտային քաղաքականություն մշակողների համար նյութի ծով են։ Իսկ բնիկ-ոչ բնիկ սորտավորմանը կամ այս պահին իշխանամերձի կարգավիճակից “բնիկներին” Աֆրիկյանների տունն ու Մաշտոցի պուրակը հիշեցնող, բայց Ֆիրդուսի համար ծպտուն չհանող անձանց ու այլ նման թեմաների անդրադառնալու առիթներ դեռ կլինեն։
Որպես նշված հարկման հիմք հանդիսացող բարեփոխման մասնակից որն ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ գույքահարկի վերանայման ջատագով է, մի քանի նկատառում ներկայացնեմ վերջին օրերի քննարկումների մասին. չնայած արժե, որ դրանց թեմատիկ ամեն մի շերտն առաջիկայում ավելի բացվի ու ավելի լայն արձագանք ստանա.
1. Այս պահին մենք շատ անարդար կերպով ենք վճարում գույքահարկ. շարժական գույքի համար՝ շատ ավելին, քան անշարժի համար, բնակելի տան համար գրեթե նույնքան՝ ինչքան առանձնատան համար, նորակառույցի ու պանելայինի համար՝ գրեթե նույն տրամաբանությամբ, և այլն։ Ավելին, վճարում ենք դեռևս 2003 թվականի գների համամասնությամբ, երբ “կովկասյան վագրը”, դրան հաջորդած “եսգիտեմական” բարեփոխումներն ու վերջին “տնտեսական հեղափոխությունը” դեռ չէին ինքնադրսևորվել։ Սա պետք է վերանայվեր միանշանակ, ինչը կատարվել է շուկայականին մոտարկված կադաստրային գնահատման միջոցով՝ 2018-2019 թվականների ընթացքում։
2. Իմ անմիջական պնդմամբ նորից սկսեց կիրառվել “կադաստրային գնահատում” եզրույթը, որը 2016 թվականի Հարկային օրենսգրքով հանվել էր շրջանառությունից։ Սրանով մի քանի այլ խնդիրների հետ համատեղ լուծվում է նաև գների՝ շուկայականից տարբերվելու հարցը։ Նպատակը՝ ռիսկերը նվազեցնելու համար դրանք շուկայականից ցածր պահելու հնարավորությունն է նախ, ապա նաև այն հանգամանքը, որը նշել եմ 3-րդ կետում։ Այս պահին Երևանի կենտրոնի համար բազային 1 քմ կադաստրային արժեքը սահմանված է 700 հազար դրամ այն դեպքում, երբ նախորդ ամիս Երեւանի կենտրոնում շուկայական մշտադիտարկման միջինացված արժեքը 760 հազար դրամ է։ Այս մասով ևս անելիք կա։ Օրինակ, մասնավոր հիվանդանոցները համավարակի պայմաններում պետք է վճարեն նախկի՞ն տրամաբանությամբ, թե՞ ոչ, կամ նույն հիվանդանոցներն ինչպե՞ս են մրցակցելու պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հիվանդանոցների հետ իրենց գնային քաղաքականությամբ, և այլ բազմաթիվ հարցադրումներ, որոնք դեռ պետք է քննարկվեն։
3. Հարկերն ու տուրքերը (հատկապես տեղական մակարդակով) եկամուտներ ապահովելուց ավելի կարևոր գործիքներ են համայնքային (կամ քաղաքային) պլանավորման և զարգացման համար։ Եթե մենք դրանք դիտարկենք միայն որպես համընդհանուր գանձարան լցնելու աղբյուր, ապա միգուցե անարդար համարենք սա։ Բայց սրանով մենք կարող ենք կենտրոնը թեթևացնել ինչ-ինչ գործառույթներից և զարգացնել մեկ այլ համայնք կամ տարածք, և հարկային ու տուրքային քաղաքականությունից ավելի լավ գործիք դրա համար դժվար թե կարողանանք մտածել։ Մնում է գիտակցնեք այս ամենն ու խորհրդային վարչական կաբինետային կառավարման տրամաբանությունից անցում կատարենք դեպի ինստիտուցիոնալ հանրային կառավարման։
4. Չգիտեմ՝ բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար, այս բարեփոխումների մասնակիցը չեմ եղել ինչ-որ փուլից հետո, սակայն կարծում եմ, որ դրանցում կան մի քանի սկզբունքային բացեր, որոնք դեռ կարելի է շտկել։ Մասնավորապես, չգիտեմ, թե ինչքանով իմաստ ուներ համավարակի պայմաններում, առաջ տանել այս փոփոխությունը՝ հատկապես չվերանայելով շեմի պահպանության ու բարձրացման գաղափարը։ Հիշում եմ՝ չհարկվող գույքի շեմը 3 մլն.-ից 10 մլն. դարձնելու դեպքում մենք այս պահին գույքահարկ վճարողների ցանկում գրեթե փոփոխություն չէինք նախատեսում։ Հատկապես որ դրանք չնչին գումարներ էին, այնպես որ, կարծում եմ՝ անցման 4 տարվա սանդղակը 6 տարվա սանդղակի վերածելու փոխարեն հանրային դժգոհությունը կարելի էր մեղմել այդկերպ։
5. Կադաստրային գնահատմանը վերաբերող օրենքի՝ ԱԺ-ում քննարկմանը Երևանի կենտրոնում բնակվող թոշակառու տատիկի օրինակը երկար բանավեճի տեղիք տվեց։ Իհարկե, այն ժամանակ կար բանավեճ, կար քննարկում, իսկ վերջին շրջանում ԱԺ-ում կարծես թե քննարկումներ չեն լինում։ Ինչևէ “տատիկի դեպքի” համար ևս բարձրաձայնվել են մեղմացման գործիքներ, որոնք առկա են աշխարհի տարբեր երկրներում։ Ես այն ժամանակ էլ առաջարկել եմ հնարավորություն տալ որոշակի դեպքերում անշարժ գույքի հարկն առանց տույժերի պարտքի տեսքով կցել գույքին, վճարման ենթակա դարձնել այն օտարելիս։ Կարելի կիրառել նաև ժառանգելու դեպքում այն այլ մեթոդաբանությամբ հարկելու տրամաբանությունը և այլ գործիքներ։
6. Համաձայն եմ, որ հարկային այս տրամաբանությունը կարող է ունենալ թե՛ լավ, թե՛ վատ կիրառություն, ինչը հավանական է գրեթե բոլոր նախաձեռնություններում։ Բայց եթե մենք սա դիտարկենք նաև որպես իմ նշած քաղաքային պլանավորման գործիք, ապա Կոնդի խնդիրը հնարավոր կլինի լուծել շատ ավելի խելամիտ կերպով, քան նախատեսում են քաղաքային պլանավորման դիլետանտ ու թայֆաբազ մի շարք նորելուկ մասնագետներ ու ճարտարապետ-չինովնիկներ։
7. Եվ ի վերջո, առաջին հայացքից հաղորդակցության հետ կապված անհամեմատ կոմպետենտ կառավարությունը թույլ տվեց մի քանի կոպիտ սխալ։ Կառավարության նիստին հայտարարվեց, որ անշարժ գույքի հարկերն ավելանում են մի քանի անգամ (եթե չեմ սխալվում՝ 3.5), այն դեպքում, երբ մյուս տարի այն ավելանալու է մոտ 50%-ով։ Կամ, մինչև հիմա առկա չէ պետական կայքերում առցանց հաշվիչ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչքան է կազմելու իրենց վճարելիք հարկը։ Հավատացնում եմ, որ շատերը, ովքեր այս պահին վճարում են, օրինակ, 3’000 դրամ մեկ ամսվա համար, մյուս տարի՝ 4’500 դրամ, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ 12’000 դրամ, ապա միգուցե մի քիչ զսպվածություն կդրսևորեին։ Կարծում եմ, որ սա բազմաթիվ այլ առիթների կողքին, ինչպես օրինակ, համավարակինը, լավ առիթ է վերանայելու հանրային հաղորդակցության՝ տարվող քաղաքականությունն ու միգուցե ուղղակի վերարժևորելու հանրային պաշտոնյայի խոսքի արժեքը։
8. Վերջում խնդրում եմ անցնել “բնիկների” ցանկով ու տեսնել, թե ինչպես եք այնտեղ հայտնված մի քանի անձի վերջին երկու տարում աղբանոցում հայտնվելու փոխարեն փայփայել, դարձրել “բնիկ-մտավորական”: Այս մասին՝ միգուցե հաջորդ անգամ»։
Կարծիքներ