Օգոստոս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է օգոստոս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը:
«Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում՝ Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից:
Փոքր ինչ ցածր ջերմաստիճան է գրանցվում Տավուշում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում:
Հարմարավետ պայմաններ են դիտվում Լոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում, իսկ oգոստոսի երկրորդ տասնօրյակում միջին օրական ջերմաստիճանը իջնում է մինչև 15°C, որը նշանակում է ամռան ավարտը և աշնան սկիզբը:
Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում միջինը կազմում է 70-75%, այն բավական ցածր է Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում` 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է՝ պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ:
Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +27…+28°C:
Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +27...+28°C:
Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +17...+19°C:
Լոռու մարզում՝ +17...+20°C, Տավուշի մարզում՝ +20...+24°C:
Վայոց ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +27...+28°C, լեռնային շրջաններում` +20...+22°C:
Սյունիքի հովտային շրջաններում +27...+28°C, նախալեռնային շրջաններում՝ +18...+20°C»,- տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Կարծիքներ