Հակառակորդի գործողությունների արդյունքում 2 ոստիկաններ վիրավորվել են, մի քանի զինծառայողներ էլ քերծվածքներ ունեն. մարզպետ
Հակառակորդի գործողությունների արդյունքում վիրավորվել է երկու ոստիկան: Այս մասին այսօր FreeNews-ի հետ զրույցում ասաց ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Այնուհետև ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Ապա՝ երկու-երեք ժամվա դադարից հետո, առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։
Նա հայտնեց, որ բացի վիրավորված ոստիկաններից նաև մի քանի պայմանագրային զինծառայողներ քերծվածքներ են ստացել:
Անդրադառնալով Տավուշում տիրող իրավիճակին, մարզպետը հայտնեց, որ գյուղացիները զբաղված են իրենց առօրյա աշխատանքով, իրավիճակը կայուն է:
«Իհարկե ավելի զգոն են, բայց խուճապ չկա»,-ասաց Չոբանյանը:
Կարծիքներ