Ասադի այցը կուժեղացնի արաբների դերը սիրիական ճգնաժամի լուծման գործում. Գարգաշ
Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի այցը Աբու Դաբի և Դուբայ տեղի է ունեցել լարվածությունը նվազեցնելու և տարածաշրջանային ճգնաժամերի լուծումներ գտնելու ԱՄԷ-ի ջանքերի շրջանակում։
Այս մասին շաբաթ օրը Twitter-ի իր էջում հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար բեն Մուհամմեդ Գարգաշը։
Սիրիայի ղեկավարն ուրբաթ օրը բանակցություններ է վարել Աբու Դաբիի էմիրության թագաժառանգ և զինված ուժերի հրամանատար շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ SANA գործակալությունը հայտնել է, որ թագաժառանգն Ասադին ընդունել է Ալ-Շատի պալատում։ Շեյխ Ալ Նահյանի խոսքով՝ «Սիրիան արաբական երկրների անվտանգության գլխավոր հենասյունն է, և ԱՄԷ-ի դիրքորոշումը՝ ի պաշտպանություն նրա տարածքային միասնության, մնում է անփոփոխ»։ Նա կոչ է արել դուրս բերել բոլոր օտարերկրյա զորքերը, որոնք անօրինական կերպով գտնվում են սիրիական հողում։
Ասադը հանդիպել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ Շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ, ով Դուբայի էմիրության կառավարիչն է։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Կարծիքներ