Քաղաքապետարանում կատարվող ուսումնասիրությունները կապ չունեն Հայկ Մարությանի հեռանալու հետ. Ռոմանոս Պետրոսյան
Պետական վերահսկողության ծառայությունը շուրջ մեկուկես տասնյակ պետական կառավարման մարմիններում ուսումնասիրություններ է իրականացնում, ևս մի քանի տասնյակ ընկերություններում էլ՝ մշտադիտարկումներ։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ներկա դրությամբ ուսումնասիրություններ են կատարվում առողջապահության, պաշտպանության նախարարություններում, Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲԸ-ում։ Սկսել ենք մշտադիտարկման տակ պահել Կառավարության և վարչապետի որոշումների կատարման ընթացքը և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին մշտադիտարկման արդյունքների, հնարավոր թերացումների մասին պարբերաբար տեղեկացնում ենք»,- նշեց Պետրոսյանը։
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանում կատարվող ստուգումներին, արձագանքելով հարցին՝ ստուգումները կապ ունե՞ն Հայկ Մարությանի հեռանալու հետ՝ ՊՎԾ պետը բացասական պատասխան տվեց:
«2021 թվականի դեկտեմբերի 30-ին են մեկնարկել ուսումնասիրությունները: Այդ շրջանում Հայկ Մարությանի հեռանալու մասին նույնիսկ լուրեր չկային: Ուսումնասիրությունների մեկնարկն ուղղակի համընկավ նրա հեռանալու հետ: Երեք ամիս էին նախատեսված ուսումնասիրությունները, սակայն ծավալի հետ կապված՝ ևս երկու ամսով երկարաձգել ենք՝ մինչև մայիսի 31-ը: Դրանից հետո հավուր պատշաճի կներկայացվի հանրությանը»,- ասաց նա:
Անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի իրավական հիմքերին, պատասխանելով հարցին՝ հակաօրինական որևէ բան տեսնո՞ւմ է այս գործարքում՝ Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Չեմ կարծում, որ այդտեղ հակաօրինական որևէ բան է եղել, քանի որ այդ մասով և՛ Գլխավոր դատախազությունն է մեկնաբանություն տարածել, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեն: Շատ դեպքերում օրինականությամբ, օրենքի գերակայությամբ պայմանավորված իրավիճակները մեր հանրությունը նաև համադրում է բարոյական գնահատականների համատեքստում, և գուցե այդտեղից է գալիս տարընկալումը»:
Կարծիքներ