ՌԱԿ-ը կոչ է անում խուսափել քաղաքական լուրջ ցնցումներից, զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից

ՌԱԿ-ը կոչ է անում  խուսափել քաղաքական լուրջ ցնցումներից, զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից

Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ է անում  հասարակությանը խուսափել  քաղաքական լուրջ ցնցումներից, զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից, զգացմունքային և պահի ազդեցության տակ ընդունվող որոշումներից:

Այս մասին ընդգծում է կուսակցությունը տարածած հայտարարության մեջ՝ նշելով, որ Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների միջև ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունների կողմից եռակողմ համաձայնագրի ստորագրումը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական կամայական  վերաձևումները բարդ իրավիճակ են առաջացրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասարակական-քաղաքական կյանքում:

«Բազմամարդ ցույցերում քաղաքական գնահատականներ են տրվում գործող իշխանությունների վարքագծին և  առաջ  են քաշվում վարչապետի ու նրա կառավարության անվերապահ հրաժարականները։ Ելնելով վերոգրյալից Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ  է անում  հասարակությանը խուսափել  քաղաքական լուրջ ցնցումներից, զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից, զգացմունքային և պահի ազդեցության տակ ընդունվող որոշումներից: Անհրաժեշտ ենք համարում շատ արագ և սթափ  վերլուծել ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակը մեր երկու հանրապետություններում և դիվանագիտական խողովակներով պահանջել  գործընթացին անմիջապես ներգրավել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրներին՝ Ֆրանսիային և ԱՄՆ–ին, քանզի համարում ենք, որ ՌԴ-ն հետապնդելով որոշակի  շահագրգռվածություն չարաշահել է իր միջնորդական առաքելությունը՝ անտեսելով ու ոտնահարելով արցախահայության շահերը մեր տարածաշրջանում: Նմանատիպ պայքարի միջոցներով  հնարավոր կլինի  վերականգնել  կորցրածը և մեր հերոս  ժողովրդին հեռու պահել պարտվողական բարդույթից, սրանով միայն կարող ենք ապահովել մեր քաջարի ժողովրդի հետագա առաջընթացն ու զարգացումը»

Հետևեք մեզ նաև Տելեգրամում