Հայաստանի ամենամեծ անգղը. պոպուլյացիան դրական միտում է արձանագրում
Լուսանկարում հազվագյուտ սև անգղի /Aegypius monachus/ առանձնյակ է, որին լուսանկարել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Խորեն Ղազարյանը։ Հայաստանում հանդիպող յուրահատուկ թռչնաշխարհը մշտապես գտնվում է «ԱրԱվես» ՀԿ-ի (Ar=Armenia/Հայաստան, Aves=Birds/Թռչուններ) և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների ուշադրության կենտրոնում։ «ԱրԱվես» ՀԿ-ը ակտիվորեն զբաղվում է Հայաստանի բազմազան թռչնատեսակների ուսումնասիրությամբ և անչափ կարևորում է հատկապես անգղերի պոպուլյացիայի կայուն դինամիկան։
Հայաստանի տարածքում հանդիպում են անգղերի 4 տեսակներ՝ սև անգղ, սպիտակագլուխ անգղ /Gyps fulvus/, մորուքավոր անգղ /Gypaetus barbatus Linnaeus/ և գիշանգղ /Neophron percnopterus Linnaeus/, որոնցից չափսերով ամենամեծը հենց սև անգղն է։ Համարվում է, որ Հայաստանը բավական հարուստ է անգղերի տեսակներով՝ իր տարածքային մակերեսի համեմատ և անչափ կարևոր է այս թռչնատեսակի պահպանումը նաև գլոբալ առումով։
Նկարահանված թռչնատեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում, սակավաթիվ և վտանգված տեսակ է: Թերևս ՀՀ կենդանիների կարմիր գրքում նշված է, որ տեսակի թվաքանակը նկատելիորեն կրճատվում է, սակայն վերջին տարիներին մասնագետները պնդում են, որ թվաքանակը կայունացել է և կա աճի դրական միտում։ Տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D: Դասվում է Հայաստանի նստակյաց, բնադրող թռչունների թվին: Սևա անգղի ապրելավայր է համարվում լեռնաշղթաների համեմատաբար փոքր թեքություն ունեցող լանջերը լեռնատափաստանների տեղամասերով հերթափոխվող գիհու չորային նոսրանտառների սահմաններում, սովորաբար, ծ.մ 1200-2000 մ. բարձրություններում: Բնադրավայրերը զգալիորեն քայքայվել են` կապված որպես արոտավայր տեղանքի ինտենսիվ օգտագործման հետ:
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական ուշադրության և հսկողության տակ։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների, ինչպիսին է նաև գառնանգղը։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:
ԿԳ տվյալների համաձայն սև անգղի պոպուլյացիայի վտանգման հիմնական գործոններ են, հավանաբար, կերային բազայի վատթարացումը` կապված վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ, ինչպես նաև ապօրինի որսը և թակարդներով բռնելը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)
Կարծիքներ