Երևույթը կրկնակի անընդունելի է, երբ դրա հեղինակը մեր համակարգի ներկայացուցիչ է. Ռոմանոս Պետրոսյանը՝ բեզոարյան այծի որսի դեպքի մասին

Երևույթը կրկնակի անընդունելի է, երբ դրա հեղինակը մեր համակարգի ներկայացուցիչ է. Ռոմանոս Պետրոսյանը՝ բեզոարյան այծի որսի դեպքի մասին

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է ոստիկանների կողմից բեզոարյան այծի որսի դեպքի բացահայտմանը:

«Ոստիկանները բեզոարյան այծի որսի դեպք են բացահայտել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի (Ապօրինի որսը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ձերբակալվել է «Հայանտառի» մասնաճյուղի տնօրենը:

Խստորեն դատապարտում եմ նման արգահատելի աշխատաոճը։ Մեր պետության որակի և հասարակության ընկալման առումով անվերադարձ մերժված է նմանօրինակ գործելաոճը պետության հանդեպ։

Երևույթը կրկնակի անընդունելի է, երբ դրա հեղինակը մեր համակարգի ներկայացուցիչ է, ով իր վարքով միտված է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի օրինակ ծառայելու։

Եվ երբ մենք աշխատանքից ազատումներ ենք անում ու ծառայողական քննություններ նշանակում, հենց նման անընդունելի աշխատաոճի դեմ պայքարի շրջանակում է։

Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենքի գերակայությունը։

Շրջակա միջավայրի նախարարության և ենթակա ստորաբաժանումների իմ գործընկերներին կոչ եմ անում գործել բացառապես օրենքի դաշտում և իրենց լիազորությունների շրջանակում․ մերժվելու և խստագույնս պատժվելու է սեփական շահը պետական ու հանրային շահից վեր դասող յուրաքանչյուր ոք՝ անկախ զբաղեցրած դիրքից։

Այսուհետ էլ ավելի հետևողական ենք լինելու՝ արմատախիլ անելու մեր համակարգից նման գործիչներին և երևույթները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռոմանոս Պետրոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում