Բարձր եմ գնահատում վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին Էստոնիայի հայտնած աջակցությունը. Արարատ Միրզոյան
Ճիշտ է, այս կես տարվա ընթացքում սա մեր երկրորդ հանդիպումն է, բայց նաև այս ամիսների ընթացքում մշտապես կապի մեջ ենք եղել և մի քանի հեռախոսազրույց ենք ունեցել։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Էստոնիայի միջև զարգանում է թե՛ քաղաքական երկխոսությունը, թե՛ այլ ոլորտներում համագործակցությունը։ Թե՛ նախորդ հանդիպման ժամանակ, թե՛ հիմա մենք հնարավորություն ունեցանք քննարկելու և ուրվագծելու մեր ակնկալիքներն ինչպես երկկողմ, այնպես էլ համագործակցության այլ ձևաչափերում: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարը Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մենք իսկապես կարողացել ենք կառուցել ամուր քաղաքական երկխոսություն և գործընկերություն՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր հանձնառության վրա, այն է՝ բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա մեր երկրների համար: Անկախություն, ինքիշխանություն, վճռականություն ավելի խորացնելու ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքները, սրանք են այն արժեքները, որոնք միավորում են մեր համախոհ երկրներին և ժողովուրդներին, ավելի ու ավելի են մոտեցնում միմյանց:
Այժմ հասունացել է ժամանակն ընդլայնելու մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում և կառուցելու գործընկերային հարաբերություններ մեր հասարակությունների համար առանցքային ոլորտներում: Մենք կարծում ենք, որ երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը պետք է ընդլայնվի՝ խթանվելու առևտուրը և ներդրումները: Այդ առումով բարձր տեխնոլոգիաների ոլորտը օգտագործելու մեծ ներուժ ունենք, ոլորտ, որտեղ Հայաստանն ու Էստոնիան նշանակալի արդյունքներ են արձանագրում: Մի կողմից, Էստոնիայի ուշագրավ ձեռքբերումները ՏՏ, թվայնացման, նորարարության, կիբերանվտանգության ոլորտում, մյուս կողմից՝ Հայաստանի պատրաստակամությունն այս առումով ավելի շատ փոփոխություններ ներդնել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, իդեալական հող են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար։ Սա նաև վերաբերում է կրթության, զբոսաշրջության, ինչպես նաև էներգետիկայի, մշակույթի և այլ ոլորտներում մեր համագործակցության ընդլայնմանը:
Նաև մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև զարգացման համագործակցության վերսկսումը, որտեղ համագործակցության առաջնահերթ ոլորտներն են կրթությունը, ժողովրդավարությունը և լավ կառավարումը, աղքատության կրճատումը և ձեռներեցությունը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նա ընդգծել է, որ բացի երկկողմ համագործակցությունից, կողմերը զարգացրել են բազմակողմ ձևաչափերում ներգրավվածության և փոխադարձ աջակցության շատ դրական դինամիկա: «Այստեղ շատ հաճախ մենք կիսում ենք հիմնական առաջնահերթությունները և աջակցում միմյանց թեկնածություններին»,- նշել է Միրզոյանը։
«Մեր համագործակցության ավելի մեծ խճապատկերն, իհարկե, ընդգրկում է Եվրոպական միության շրջանակներում աշխատանքները, որտեղ մենք ունենք բազմաշերտ համագործակցություն՝ արդեն գործող պայմանավորվածությունների իրականացում՝ ներառյալ Հայաստանի դիմադրողականության բարձրացման և տնտեսության դիվերսիֆիկացման համար, ինչպես նաև նոր հեռանկարների նախանշում: Այստեղ ես բարձր եմ գնահատում Էստոնիայի մասնակցությունը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, ինչպես նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին արտահայտված աջակցությունը։ Հուսով ենք, որ համատեղ ջանքերով շուտով կհասնենք նոր կարևոր հանգրվանների»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Կարծիքներ