Ի՞նչ է փոխվել մեծ հնչեղություն ստացած գործարքից հետո․ ինչի մասին են վկայում ցուցանիշները․ որքան ավել հարկ է վճարվել գործարքից հետո

Ի՞նչ է փոխվել մեծ հնչեղություն ստացած գործարքից հետո․ ինչի մասին են վկայում ցուցանիշները․ որքան ավել հարկ է վճարվել գործարքից հետո

ՀՀ կառավարության «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ- ի բաժնետեր դառնալու իրողությունը շարունակում է մնալ քննարկումների սեղանին, չնայած որ գործարքից անցել են ամիսներ։ Այդ քննարկումներին զուգահեռ հանքարդյունահանող այս ընկերությունը գործարքից հետո ժամանակահատվածում՝ 2022-ի առաջին եռամսյակում, գրանցել է ցուցանիշների աճ, նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատությամբ։ Նշվածը Zarkerak.am-ը ներկայացնում է թվերով․ 

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  48 մլրդ 751 մլն դրամ։

Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 2022 թվականի առաջին եռամսյակի տվյալներով 1-ին հորիզոնականը զբաղեցնում է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ- ն: 3 ամսում ընկերությունն ընդհանուր առմամբ վճարել է 35.448.844.000 դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2021-ի  նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 25.678.154.000 դրամով: Մասնավորապես, 35.046.136.000 դրամ վճարել են հարկերի գծով, 402.709.000 դրամ՝ մաքսատուրքերի:

Կոնկրետ հարկատեսակների մասով՝ ընկերությունը 11.190.599.000 դրամ շահութահարկի գծով է վճարել, 2.180.716.000 դրամ՝ եկամտային հարկի գծով, 594.062.000 դրամ՝ ավելացված արժեքի հարկի գծով, 10.277.000 դրամ՝ ակցիզային հարկի գծով, 21.473.191.000՝ այլ հարկեր և վճարներ են մուտք արել պետական բյուջե:

2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 217 մլրդ 911 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 258 մլն դրամ:

2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների  ցանկում  երրորդն է  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ- ն։ Ընդհանուր մուտքեր 9.770.690.000 դրամ՝ մասնավորապես, 9.374.103.000 դրամ հարկերի գծով, 396.587.000 դրամ՝ մաքսատուրքերի, շահութահարկ՝ 1.555.267.000, եկամտային հարկ 1.813.024.000, ավելացված արժեքի հարկի գծով 350.196.000, ակցիզային հարկի գծով 20.140.000, այլ հարկեր և վճարներ 6.032.063.000: Այս մասին գրում է  Zarkerak.am-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի այսօրվա  նիստում անդրադարձավ խոսակցություններին, ըստ որոնց՝ կառավարությունը չի բացահայտում, թե ինչպես են դարձել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ- ի սեփականատեր:

«Կասկածելի գործարք, կոռուպցիոն գործարք, շատ զարմանալի բան է, էլի եմ ասում՝ եթե որևէ իշխանավոր կամ իշխանավորի հորեղբոր տղա օֆշորներով այդ սեփականության տեր դառնար, ոչ ոք չէր անհանգստանա, բայց որ պետությունը գույք է ձեռք բերել, չգիտես՝ ինչու, կասկածելի է թվում», - ասաց նա:

Վարչապետ Փաշինյանը նշեց, թե ներդրողն է որոշել Հայաստանին նվիրատվություն անի, իսկ կառավարությունն էլ, շնորհակալություն հայտնելով, ընդունել է նվերը:

 

Արաքսյա Փաշոյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում