Իրանցի բարձրաստիճան գեներալը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում իրենց մոլորեցնելու մեջ

Իրանցի բարձրաստիճան գեներալը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում իրենց մոլորեցնելու մեջ

Իրանցի գեներալ Բեհրուզ Էսբաթին Ռուսաստանին մեղադրել է խաբեության և Սիրիայում թույլ տված լուրջ սխալների համար: Նրա ելույթի ձայնագրության մեջ, որը մեջբերվել է The New York Times-ի կողմից, նա Բաշար Ասադի ռեժիմի տապալումն անվանել Է Իրանի «լուրջ պարտությունը»:

«Ես չեմ կարծում, որ Սիրիայի կորուստը հպարտանալու բան է։ Մենք պարտություն կրեցինք, պարտությունը շատ լուրջ է», – հայտարարել է Էսբաթին։

Գեներալը նշել է, որ Ասադի հետ Իրանի հարաբերությունները սրվել էին վերջին ամիսներին, քանի որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Ասադը հրաժարվեց ճակատ բացել Իսրայելի դեմ:

Էսբաթին նաև Ռուսաստանին է մեղադրել Իրանին մոլորեցնելու մեջ՝ պնդելով, որ նրա ավիացիան հարվածներ է հասցնում ընդդիմության ուժերին: Նրա խոսքով՝ ռուսական ինքնաթիռները իրական թիրախների փոխարեն ռմբակոծել են անապատները։

Բացի այդ, գեներալը հայտարարել է, որ Սիրիայում Իրանի հետ կապված օբյեկտների վրա իսրայելական հարձակումների ժամանակ Ռուսաստանն անջատել էր ռադարները՝ փաստացի օգնելով Իսրայելին:

Էսբաթին ընդգծել է, որ Իրանը կշարունակի գործունեությունը Սիրիայում՝ ձևավորելով «դիմադրության բջիջներ»:

Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել մեղադրանքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում