Չինաստանի Գուանդունի հարավային նահանգում կորանովիրուսի բռնկում են հայտնաբերել
ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեն մայիսի 31-ին հաղորդել Է, որ անցած օրվա ընթացքում գրանցվել Է կորանովիրուսով վարակման 27 նոր դեպք, որոնցից 20-ը՝ ներքին, որոնք բաժին են ընկել Գուանդունի հարավային նահանգին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
20 հիվանդներից 18-ը հայտնաբերվել են նահանգի կենտրոն Գուանչժոու քաղաքում, երկուսը՝ Ֆոշան քաղաքում: Բացի այդ, նահանգում երեք մարդ հայտնաբերվել Է ներքին ծագման հիվանդության անախտանիշ ընթացքով: Անախտանիշ հիվանդները, Չինաստանում ընդունված պրակտիկային համապատասխան, արձանագրվում են առանձին: Համաճարակաբանական իրադրության սրվելու կապակցությամբ չինական ավիաընկերությունները կտրուկ կրճատում են Գուանչժոու թռիչքների թիվը: Տեղական ժամանակով 11:30-ի (Երեւանի ժամանակով 07:30-ի) դրությամբ «Գուանչժու Բայյուն» միջազգային օդանավակայանում չեղարկվել Է 519 չվերթ՝ մայիսի 31-ին պլանավորվածների ընդհանուր թվի 37 տոկոսը:
Իշխանությունների որոշմամբ, օդանավակայաններից, երկաթուղային կայարաններից եւ ավտոբուսի կայաններից բոլոր մեկնողները պետք Է ներկայացնեն COVID-19-ի բացասական թեստ, որն արվել Է մեկնելուց ոչ ավելի, քան երեք օր առաջ: Այդ պահանջը չի վերաբերում տարանցիկ ուղեւորներին: Ընդամենը համավարակի ժամանակաշրջանում Չինաստանում գրանցվել Է կորանովիրուսով վարակման 91 հազար 99 դեպք, դրա հետ կապված հիվանդություններից մահացել Է 4636 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ