Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են ՀՀ երկարաժամկետ ուղեկիցներ, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ՝ նշելով, որ խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են ՀՀ երկարաժամկետ ուղեկիցներ։
«Սարդարապատի հերոսամարտով առարկայացած Առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, նրա գոյությունը տևեց ընդամենը երկու տարի մի քանի ամիս, բայց Առաջին հանրապետությունը մեզ չորսուկես դար պետականազուրկ ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի։ Մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ, հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է, և նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով և ինչպես պետք է կառավարի պետությունը։
Առաջին հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության մեր ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ։ Իսկ Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում Առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ։
Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել պետության անկախ այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լիներ Առաջին հանրապետությունը։ 1991-ին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, թե 70-ամյա պրոպագանդան խոր հետք չի թողել մեզանում։ Անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։
Բայց հիմա արդեն Երրորդ հանրապետության հետահայաց վերլուծությունը ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից և ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզանում։ Այս է պատճառը, որ համոզված եմ՝ մեր պետության ու մեր ինքնության հարատևությունը ապահովելու համար հենց սա պետք է հաղթահարենք, ինչի արդյունքում կկարողանանք արձանագրել և մարսել մի քանի առանցքային իրողություն։
Իրողություն թիվ 1. Մեր ինքնությունը մեր պետությունն է, մեր պետությունն է մեր ինքնությունը։
Իրողություն թիվ 2. 29.743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։
Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ։
Իրողություն թիվ 3. Վերջին չորսուկես դարի մեր պատմությունը, պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում։ «Մի՛ կրկնեք այդ պատմությունը, մի՛ գնացեք իմ ճանապարհով, մի՛ կրկնեք ինձ»՝ սա մեջբերում է վերջին 450 տարվա մեր պատմության և պատմական Հայաստանի ուղերձից։
Իրողություն թիվ 4. Արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է, մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը, և այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների հետ խաղաղություն հաստատելը և այս հենքի վրա բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելը և նրա ստեղծած հնարավորությունները։
Իրողություն թիվ 5. Պետությունը պատասխանատվություն է, ազատությունը պատասխանատվություն է։ Հանրության և յուրաքանչյուր անհատի երկարաժամկետ ազատությունն ու բարեկեցությունն ուղիղ համեմատական են այս իրողության հանրային և անհատական գիտակցման, և այդ գիտակցումից բխող վարվելակարգի հետ։ Ազատության և պետության նկատմամբ ունեցած պատասխանատվության շրջանցումը թե՛ ազատության, թե՛ պետականության կորստի ճանապարհ են։ Այդ պատասխանատվության կատարման որակն ու այդ պատասխանատվության նկատմամբ ունեցած հարազատությունը յուրաքանչյուր քաղաքացու ազատության և բարեկեցության երաշխիքն են։»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հենց այս իրողություններն են արձանագրում Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։
«Հայրենիքը պետությունն է․ սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ», «Անհատական ջանքով հարստացի՛ր և հարստացրո՛ւ», «Այստեղ հայրենիք՝ այստեղ հաց, այստեղ պետություն՝այստեղ կաց», «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո՛ նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հարգելի՛ ներկաներ,
Դեպի Հայաստանի Հանրապետության հարատևություն, պետական անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն ու ազատություն տանող մեր ընթացքը մտնում է պատմականորեն վճռական փուլ։ Նախորդող շրջանում մենք ունեցել ենք անուրանալի հաջողություններ․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցված և համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտված են։ Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում Համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար, Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն, Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա, Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն։
Հայաստանի միջազգային հեղինակությունն աճում է տեսանելի կերպով, և այն փաստը, որ 2026 թվականին մեր երկիրը հյուրընկալելու է Եվրոպայի և աշխարհի երկու հեղինակավոր ու մասշտաբային միջոցառումներ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթաժողովը և Կենսաբազմազանության կողմերի COP-17 համաժողովը, սրա տեսանելի ապացույցն են։
2025 թվականի կարևորագույն իրողություններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային կետերում այլևս սահմանային հսկողություն են իրականացնում բացառապես մեր երկրի սահմանապահները, մի բան, որ աննախադեպ է։ Մենք շարունակում ենք սերտ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ հաստատել ենք ռազմավարական գործընկերություն, Հնդկաստանի հետ մեր գործակցությունը խորանում է, Ֆրանսիայի և Եվրամիության հետ մեր հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։
Հանրապետությունն ու ժողովրդավարությունն իրողություն են, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն իրողություն է, ինքնիշխանությունը և անկախությունն իրողություն են, պետությունն իրողություն է, և մենք պետք է գնահատենք և փայփայենք այս ձեռքբերումները։
Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն։
Հայաստանի Հանրապետության ուղեկիցը պետականակենտրոն ինքնագիտակցությունն է, աշխարհի գիտելիքահենք իմացությունը, զարգացումն ու ժողովրդավարությունը։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ։ Պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն։
Բոլորիս շնորհավորում եմ Հանրապետության օրվա առիթով։
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
Հաջորդիվ հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն ու տեղի ունեցել տոնական քայլերթ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
Կարծիքներ