Վերակենդանացման բաժանմունքների 319 մահճակալներից զբաղված են 289-ը. մահճակալային ֆոնդը շատ արագ է սպառվում. Անահիտ Ավանեսյան
Երեկ գրանցվել է 19 մահ: Նորից պետք է շեշտեմ՝ դելտա շտամով պայմանավորված՝ ունենք մահացության, ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում: Պետք է ասեմ, օրինակ, երբ անցյալ տարի ունենում էինք 764 դրական դեպք, հոսպիտալացման տոկոսը շատ ավելի քիչ էր, քան հիմա: Սա նշանակում է, որ նույն ցուցանիշի պարագայում զբաղեցնում ենք շատ ավելի շատ մահճակալներ, և մեր մահճակալային ֆոնդը շատ արագ է սպառվում. Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված են 1860-ը:
«Միայն վերակենդանացման բաժանմունքներում 319 մահճակալներից զբաղված են 289-ը»,- շեշտեց Ավանեսյանը՝ հավելելով, որ սա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում նկատվող միտում է: «Հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսն այն քաղաքացիներն են, որոնք պատվաստված չեն կամ չեն ստացել ամբողջական պատվաստումը»,- նշեց նախարարը:
Ավանեսյանը շեշտեց, որ կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է, և թույլ տալը առողջապահության համակարգին հասցնել հիվանդների պատշաճ բուժօգնության տրամադրումը:
«Եթե մեր ամբողջ հանրապետության մահճակալային ֆոնդի մի մեծ մասը շարունակում է սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին, պատկերացրեք՝ այլ հիվանդություններով մարդկանց համար դժվար է դառնում բուժօգնություն տրամադրելը»,- ահազանգեց Անահիտ Ավանեսյանը:
Կարծիքներ