Բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութով պատվաստվելը պարտադիր չի լինի ՀՀ-ում
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու համար տարվող բանակցությունների արդյունքում Հայաստանն առաջիկայում ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ առաջին փուլում այն ձեռք է բերվելու ռիսկային խմբերի համար:
«Մենք համաձայնագիր ունենք «COVAX FACILITY» նախաձեռնության հետ, իրենք էլ պայմանավորվածություններ են ձեռք բերում, առաջարկել են մեր երկրին և, քանի որ գինը մատչելի է և ավելի շուտ կհասնի մեզ մոտ, համաձայնել ենք, որպեսզի այն բերվի: Առաջին փուլում հնարավորություն կունենան պատվաստվել տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդները»,- նշեցին նախարարությունից:
Անդրադառնալով այն հարցին, արդյոք բոլորի համար պարտադիր է լինելու պատվաստվելը, գերատեսչությունից բացասական պատասխան տվեցին: Հայտնեցին, որ շահարկումներ շատ են լինում այդ հարցի շուրջ, սակայն ոչ կորոնավիրուսի դեմ, ոչ էլ մյուս պատվաստումները ՀՀ-ում պարտադիր չեն:
«Պատվաստումներն արվել և արվում են անձի ցանկությամբ: Երկիրը հոգ է տանում իր քաղաքացիների մասին, ցանկանում է, որպեսզի նրանք պաշտպանված լինեն, բայց կարող եմ ասել, որ բխում է բոլորի շահերից»,- ասացին ԱՆ-ից:
Խոսելով կլինիկական փորձարկումների մասին, նախարարությունից վստահեցրին, որ Միացյալ Թագավորության «AstraZeneca» ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը բոլոր փուլերում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունվետությանը ներկայացվող պահանջները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը` նախատեսված բնակչության 3%-ի համար՝ տեղի է ունենալու 2021 թվականի մարտ ամսին:
«COVAX FACILITY» նախաձեռնությունը շարունակում է բանակցություններ վարել նաև «Սպուտնիկ-V» պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ:
Համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:
Կարծիքներ