Իրանն Ուկրաինային է փոխանցել Թեհրանի մոտ օդանավի կործանման հաշվետվությունը
Իրանն Ուկրաինային է փոխանցել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի կործանման պատճառների մասին տեխնիկական հաշվետվության նախագիծը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եվգենի Ենինը, հայտնում է «Հանրային» հեռուստատեսությունը:
Հաշվետվությունը փոխանցվել է դեկտեմբերի 31-ի երեկոյան 5-րդ փորձից, այն մանրակրկիտ ուսումնասիրում են իրավասու մարմինները:
Ուկրաինան 60 օր ժամանակ ունի դիտողություններ եւ առաջարկներ անելու համար, որից հետո Իրանը եւս մեկ ամիս ժամանակ կունենա այն վերջնամշակելու համար: Հարկ է նշել, որ հաշվետվությունը կհրապարակեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի կողմից հաստատվելուց հետո:
«Վաղ է հաշվետվության վերաբերյալ ինչ-որ մեկնաբանության կատարումը, առայժմ առկա է այն ստանալու փաստը, հետագա վերլուծությունը ցույց կտա, թե որքանով է այն մեզ բավարարում օբյեկտիվության եւ անկողմնակալության տեսակետից»,- ասել է Եվգենի Ենինը:
Ուկրաինայում Իրանի դեսպան Մանուչեհր Մորադին հայտարարել է, որ իրանական կողմը աղետից փաստացի անմիջապես հետո խոստովանել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել սխալի հետեւանքով, աղետի հետ կապ ունեցողներին ձերբակալել են եւ պատասխանատվության ենթարկել, փոխանցում է 112.ua-ն:
Կիեւ չվերթ կատարող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800-ը 2020 թվականի հունվարի 8-ի վաղ առավոտյան Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց կործանվել էր: Զոհվել էր 176 մարդ. Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ: Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտարարել էին, որ ուկրաինական Boeing-ը պատահաբար է խփվել, ինչի մեղավորը մարդկային գործոնն է. օդանավը թռել էր Իրանի ռազմական օբյեկտի մերձակայքով, որը շփոթել էին «թշնամական թիրախի», իսկ հատկապես թեւավոր հրթիռի հետ: Ընդ որում՝ Իրանից նշել էին, որ ԱՄՆ-ի կողմից հարձակում էին սպասում, ինչի հետ կապված երկրի ՀՕՊ համակարգերը բերված էին լիակատար մարտական պատրաստականության:
Կարծիքներ