Լեհ ֆերմերները վերսկսել են բողոքի ցույցերն Ուկրաինայի հետ սահմանին

Լեհ ֆերմերները վերսկսել են բողոքի ցույցերն Ուկրաինայի հետ սահմանին

Լեհ ֆերմերները վերսկսել են բողոքի ցույցերն Ուկրաինայի հետ սահմանին։ Շուրջօրյա  ցույց է սկսվել «Մեդիկա-Շեգինի անցակետի մոտ, այն կտևի մինչև տարեվերջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է լեհ աջ քաղաքական գործիչ Ռաֆալ Մեկլերը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։«Աշխատանքները դաշտերում ավարտվել են: Կարելի է պայքարել մեր պահանջի համար: Եվ դա լավ է: Ֆերմերները վերադառնում են խաղի մեջ», - գրել է Մեկլերը X սոցիալական ցանցում:

 Գրառմանը նա կցել է Մեդիկա համայնքի նամակը: Փաստաթղթի համաձայն՝ Ուկրաինային սահմանակից բնակավայրի իշխանությունները տեղեկացնում են «հավաքի կազմակերպման մասին», որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ից դեկտեմբերի 31-ը Մեդիկայի երկաթուղային կամրջի մոտ և կշարունակվի շուրջօրյա։Հոկտեմբերի 8-ին Ուկրաինայի մաքսային ծառայությունն զգուշացրել է Լեհաստանի բողոքող ֆերմերների կողմից «Մեդիկա -Շեգինի» հսկիչ անցակետով երթևեկության հնարավոր արգելափակման մասին։ 

Լեհ ֆերմերները լայնածավալ բողոքի ցույցեր էին սկսել փետրվարին՝ շրջափակելով Ուկրաինայի հետ սահմանի անցակետը: Նրանք պահանջում էին սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել Ուկրաինայից էժան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը, մեծացնել ազգային անասնաբուծությանն օժանդակությունը, ինչպես նաև անհամաձայնություն էին հայտնում Եվրամիության «Կանաչ ուղեգծի» ռազմավարությանը, որը նախատեսում է մինչև 2050 թվականը հասնել զրոյական ածխածնային արտանետումների: Ակցիաներն ամռանը դադարեցվել էին գյուղատնտեսական աշխատանքների պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում