Վաղուց ժամանակն է դատարկ վրանները տեղափոխել Ազատության հրապարակ
Այսօր լրացավ մեկ ամիսը, ինչ ընդդիմությունը գրեթե դատարկ վրաններով փակել է Ֆրանսիայի հրապարակը, որը գտնվում է Երևանի սրտում ու ամենակարևոր ճանապարհային հանգույցներից մեկն է։ Բոլոր երևանցիները և Երևանում աշխատողները հրաշալի գիտեն, թե այս վիճակը ինչ սարսափելի խնդիրներ է ստեղծում երթևեկության հետ կապված ու որքան է դժվարացնում երթևեկությունը քաղաքի մյուս հատվածներում։
Այս մեկ ամսվա ընթացքում Ֆրանսիայի հրապարակում անցկացվել է մոտ 20 հանրահավաք, այսինքն մեկ ամսվա ընթացքում հրապարակը բուն քաղաքական ակցիայի նպատակով օգտագործվել է մոտ 40 ժամ։ Իսկ մնացած ողջ ժամանակում վրաններում մի քանի տասնյակ մարդ խաղացել է նարդի, բլոտ, անցկացրել է խաշլամայի և քյուֆթայի «փառատոն»։ Մեկ հոգի էլ վրաններից մեկում մահացել է թմրանյութի գերդոզավորումից։
Այդ կարևոր հանգույցը 40 ժամից բացի որևէ այլ կերպ ընդդիմության կողմից չի օգտագործվել ամբողջ մայիս ամսվա ընթացքում։ Իսկ թե ինչ քաղաքական արդյունքների են հասել ընդդիմադիրները, խոսելն ավելորդ է։ Փաստացի 0 քաղաքական արդյունքի դիմաց Երևանում մեկ ամիս խոչընդոտվել ու խաթարվել է երթևեկությունը։ 0 արդյունքի դիմաց քաղաքի այլ հատվածներում եղել են բազմաթիվ վթարներ, ժամերով ձգվող խցանումներ և դրանից բխող ժամանակի ու վառելիքի անտեղի կորուստներ։
Մինչդեռ Ֆրանսիայի հրապարակից ընդամենը 100 մետր հեռավորության վրա գտնվում է Ազատության հրապարակը, որը գրկաբաց կարող էր ընդունել ընդդիմության թե վրանները և թե խաշլամայի «փառատոնները»։ Փոխարենը քաղաքացիները մեկ ամիս շարունակ չէին տուժի այս անարդյունք բլոկադայից։
Կորոշեն շարունակել իրենց փրկության շարժումը թե ոչ, էական չէ, դրանից իրավիճակը երկրում չի փոխվում։ Սակայն մենք համոզված ենք, որ ընդդիմությունը պետք է փոքր-ինչ խոհեմություն ցուցաբերի ու վերացնի անհարկի խոչընդոտները քաղաքացիների համար։
Ճանապարհի երթևեկելի մասում տեղադրված դատարկ վրանները և բեմահարթակն առանց ուշացման պետք է տեղափոխել Ազատության հրապարակ։
Այս մասին գրում է Medianews-ը:
Կարծիքներ