Զինվորների վերականգնմամբ զբաղվող հայ բժիշկները հատուկ վերապատրաստում են անցնում
Բժիշկ ռեաբիլիտոլոգ Վադիմ Մուխամետզյանովը եկել է Ռուսաստանից՝
զինծառայողների վերականգնմամբ զբաղվող հայ մասնագետներին վերապատրաստելու
համար։ Նրանց սովորեցնում է՝ ինչպես օգտագործել «Էկզարտա» կինեզոթերապևտիկ
սարքավորումը, որը շուտով գործարկվելու է Հայաստանի և Արցախի մի քանի
բուժհաստատություններում։ Սարքավորումը նվիրաբերել է «ՎԻՎԱ» բարեգործական
հիմնադրամը։
«Այսօրվա դրությամբ ամենակարևոր խնդիրը զինվորների վերականգնումն է, և ըստ
այդմ մի քանի ուղղությամբ ենք իրականացնում ծրագրեր, որոնցից մեկը հենց այս
ծրագիրն է մասնագետների պատրաստման և զինվորների վերականգնողական
աշխատանքներով զբաղվող կենտրոնների սարքավորումների բազայի արդիականացման
համար», - ասում է «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան
ներկայացուցիչ Աստղիկ Մարկոսյանը:
Ռուս բժշկի հետ 5-օրյա դասընթացն անցկացվել է «Կուրորտաբանության և
ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ում, որտեղ ևս
օգտագործվելու է այս սարքավորումը։ Դասընթացին մասնակցել են
կինեզոթերապիստներ Երևանից, Գյումրիից և Արցախից։
«Հենց դեկտեմբեի 31-ին ստացանք այս սարքավորման մի քանի օրինակ, որոնք
նախատեսվում են բաշխել Հայաստանի մի քանի բուժկենտրոններով», - ասում է
«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ի
տնօրեն Տիգրան Վահրամյանը:
«Էկզարտա» կինեզոթերապևտիկ սարքավորումը հնարավորություն է տալիս մարմնի
շարժումներ կատարել առանց ձգողության՝ օգնելով հիվանդին օդում կախված
վիճակում շարժել մկանները։
«Քանի որ մեր զինծառայողների մոտ մեծամասամբ կան նյարդամկանային, հոդային
վնասվածքներ, շատ արդիական է այս սարքավորումը վերականգնման գործընթացում
ավելի արագ և դրական արդյունքներ ունենալու համար», - ասում է
«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ի
տնօրեն Տիգրան Վահրամյանը:
Գիտահետազոտական ինստիտուտում այժմ բուժվում է ավելի քան 100 զինծառայող։
Հիմնադրամը շարունակելու է աջակցության տարբեր ծրագրեր իրականացնել և օգնել
զինծառայողներին ապաքինվել շատ ավելի արագ։
Կարծիքներ