Հարձակման ենթարկված բժիշկը վնասվածք է ստացել
Սեպտեմբերի 14-ին Երևանում բժշկի նկատմամբ ոտնձգություն է տեղի ունեցել։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում բռնության է ենթարկվել բժիշկը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ժամը 11։20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում 72-ամյա բուժառու Կ․ Վ․-ի թոռը բռունցքով հարվածել է բժիշկ, Երևանի բնակիչ 46-ամյա Վահագն Խ․-ին, ինչի հետևանքով բժիշկը կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել՝ ստանալով աջ ձեռքի ուսային հատվածի կոտրվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները որոնում են Կ․ Վ․-ի թոռանը, իսկ բժշկին հարվածելու պատճառն այն էր, որ իր տատը մահացել է։
Կարծիքներ