Վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամներին ոստիկանները տարել են, նշանակում է՝ դատավճիռը մտել է ուժի մեջ. փաստաբան
Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, առանց հիմք եւ պատճառ նշելու, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի է վերցրել եւ տեղափոխում է Երեւան:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ հավելելով.
«Կապվեցի, բայց ոստիկանները հրաժարվեցին ինձ հետ խոսել:
Հենց նոր տեղեկացա, որ ոստիկանները այցելել են նաեւ Վարուժան Պարսամի Ավետիսյանի բնակարան:
Իսկ սա նշանակում է, որ Սասնա ծռերի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ եւ տղաներին վերադարձնում են բանտ»:
Նշենք, որ ըստ համացանցում տարածվող տեղեկատվության, ոստիկանները տարել են նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանին և Պավլիկ Մանուկյանին:
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավճիռը հրապարակվել է 2021 թվականի փետրվարին:
Ըստ այդմ՝ դատարանի դատավճռով Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մահվան հիմքով: Դատական ակտով Պավել Մանուկյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում եւ դատապարտեց 10 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման, նշանակված պատիժը հաշվակցելով՝ նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 7,8 տարվա ազատազրկումը:
Վարուժան Ավետիսյանը նույնպես մեղավոր ճանաչվեց մեղադրանքներում եւ դատապարտվեց 9 տարի ազատազրկման, վերջնական պատիժը՝ 7,4 տարի:
Դատական ակտով Գագիկ Եղիազարյանի նկատմամբ պատիժ նշանակվեց 9 տարվա ազատազրկումը, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 7,5 տարի ազատազրկումը:
Սեդրակ Նազարյանը նույնպես մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, սակայն պատիժը հաշվակցելով՝ դատարանը վերջնական պատիժ նշանակեց 8,2 տարին:
Կարծիքներ