Ռուստամ Բադասյանը Շվեդիայի, Լեհաստանի և Լիտվայի դեսպանների հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպաններին Արդարադատության նախարարությունում և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու մարդու հիմնարար իրավունքների խախտումների դեպքում համաչափ արձագանքին վերաբերող հարցերը։
Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները այն ոլորտներն են, որոնց ուղղությամբ առաջիկա տարիներին համագործակցությունը զարգացնելու մեծ ցանկություն կա։ «Մենք աջակցում ենք Հայաստանի՝ թավշյա հեղափոխությունից հետո նախանշած բարեփոխումներին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, դատաիրավական բարեփոխումներին, օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդմանը»,- նշել է դեսպանը, հավելելով, որ այստեղ են՝ վերահաստատելու համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։
Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գնահատմամբ, Հայաստանի արդարադատության նախարարությունը բարեփոխումների իրականացման առաջամարտիկն է և նշել, որ չնայած 2020 թվականին տեղի ունեցած ողբերգությանն ու անբարենպաստ իրադարձություններին՝ կարևոր է արձանագրել, որ Հայաստանը բարեփոխումները շարունակել է։ Դեսպանը նաև շնորհավորել է Հայաստանին՝ Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թվականի արդյունքներով արձանագրված առաջընթացի համար: «Մենք պատրաստ ենք ինտենսիվացնել մեր համագործակցությունը՝ երկու տարի առաջ սկսած բարեփոխումները հաստատուն քայլերով առաջ տանելու համար»,- ընդգծել է Լիտվայի դեսպանը։
Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, միանալով գործընկերների խոսքերին, հետաքրքրվել է հակակոռուպցիոն մարմինների և Ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից։
Հանդիպման ընթացքում կարևորվել են գերիների անհապաղ վերադարձման, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին արագ, համաչափ արձագանքման հետ կապված հարցերը։
Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպաններին դրական գնահատականների համար և մանրամասներ ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտի և ոստիկանության բարեփոխումների գործընթացներից։ Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել Եվրոպական միության կողմից Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը հատկացվող 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցությունը, որից 9 միլիոն եվրոն արդեն տրամադրվել է։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել բարեփոխումներին միտված համագործակցությունը։
Կարծիքներ