Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն․ պատմական օր է լինելու տարածաշրջանի ու աշխարհի համար. Թրամփ

Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն․ պատմական օր է լինելու տարածաշրջանի ու աշխարհի համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը բավական երկար համագործակցել է Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական» խաղաղության կնքման, որը տեղի կունենա օգոստոսի 8-ին Սպիտակ տանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել իր Truth Social հարթակում։ 

«Ես անհամբերությամբ սպասում եմ վաղը (խմբ.՝ օգոստոսի 8-ին) Սպիտակ տանը հյուրընկալելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմական խաղաղության գագաթնաժողովի համար։ Այս երկու ազգերը տարիներ շարունակ պատերազմի մեջ են եղել, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմն՝ առանց հաջողության հասնելու, մինչև այս պահը՝ շնորհիվ Թրամփի», - գրել է ԱՄՆ նախագահը։ 

Նա հավելել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմի հետ և հավելել, որ օգոստոսի 8-ին վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը Սպիտակ տանը կմիանան իրեն՝ մասնակցելու խաղաղության փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությանը։ 

Նախագահ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ «միասին հետամուտ լինելու տնտեսական հնարավորությունների, որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը»։ 

«Ես շատ հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որ ճիշտ քայլի են գնում Հայաստանի և Ադրբեջանի հզոր ժողովուրդների համար։ Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար», - եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը։

Ավելի վաղ Վաշինգտոնում գործող թղթակիցներից մեկը հայտնել էր, որ հանդիպման ժամանակ կողմերը հիմնականում կենտրոնանալու են տարանցման և զարգացման նոր պլանի վրա, որը կոչվելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (Trump Route for International Peace and Prosperity) և հայտնի կլինի TRIPP հապավմամբ։  

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է օգոստոսի 7-ից։ Նա այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որին նվիրել է Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում