Բերբոքը ողջունել է Հարրիսի առաջադրումը ԱՄՆ նախագահի թեկնածու
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը ողջունել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսի առաջադրումը՝ որպես թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում՝ դա բացատրելով կանանց դրական հատկանիշներով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ձեզ չի զարմացնի, որ մի աշխարհում, որտեղ երբեմն օդում չափազանց շատ տեստոստերոն կա, որոշ իրավիճակներում ուժեղ կանայք կարող են ոչ թե վնաս հասցնել, այլ ընդհակառակը, լավություն անել», - ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ անդրատլանտյան հարաբերությունները ավելի սերտ են, քան երբևէ, ինչը նաև ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Ջո Բայդենի արժանիքն է։ Բերբոքը հավելել է, որ անկախ նրանից, թե ով կդառնա Սպիտակ տան հաջորդ ղեկավարը, Գերմանիան կշարունակի ամրապնդել այդ հարաբերություններն արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում։ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Ենթադրվում էր, որ Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի երկրի ներկայիս նախագահ Ջո Բայդենը, սակայն հունիսի 27-ին Դոնալդ Թրամփի հետ բանավեճում աղետալի ելույթից հետո դեմոկրատների շրջանում Բայդենին պայքարից հրաժարվելու կոչերը սկսեցին ավելի բարձրանալ։ Բայդենը հուլիսի 21-ին որոշեց դուրս գալ ընտրապայքարից և պաշտպանել է փոխնախագահ Քամալա Հարրիսի թեկնածությունը պետական բարձրագույն պաշտոնում։
Կարծիքներ