ՊՆ գործընկերների հետ համագործակցված և նպատակային աշխատանքը դրական արդյունք է ապահովելու. Արմավիրի մարզպետ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ Արմավիրի մշակույթի տանն այսօր հավաք-խորհրդակցություն է տեղի ունեցել պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատություններում ուսանելու գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքներին վերաբերող հարցի շուրջ:
Այս մասին տեղեկցնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Խորհրդակցությանը մասնակցել են միավորված համայնքների ղեկավարները, պաշտպանության ոլորտը ներկայացնող ռազմաուսումնական հաստատությունների պատասխանատու պաշտոնյաները, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները, նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության առարկայի ուսուցիչները:
Հանդես գալով բացման խոսքով՝ մարզպետն ընդգծել է յուրաքանչյուրի կարևոր դերակատարումը մատաղ սերնդին Հայոց բանակի ձևավորման պատմությունն ու անցած ուղին, ռազմական գործի էությունն ու սպայի կարևոր դերակատարությունը հասարակության կյանքում ճիշտ ներկայացնելու, ինչպես նաև ավագ դասարանցիներին ոլորտի բուհական հաստատությունների վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկություն փոխանցելու հարցում:
Հաշվի առնելով հետպատերազմական շրջանին բնորոշ իրավիճակը՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ նախատեսվող աշխատանքները հեշտ չեն լինելու, իսկ դժվարություններն էլ չպետք է հուսահատեցնեն. «Ես համոզված եմ, որ Պաշտպանության նախարարության գործընկերների հետ համագործակցված և նպատակային աշխատանքը դրական արդյունքներ կապահովի»:
Այնուհետև զեկույցներով հանդես են եկել պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատությունները ներկայացնող պատասխանատու պաշտոնյաները՝ ներկայացնելով իրենց կառույցների գործունեության հիմնական ուղղվածությունը և կրթական ծրագրերը:
Կարծիքներ