Պետք է դիվերսիֆիկացման միջոցով նվազեցնենք Հայաստանի արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից. Քերոբյան

Պետք է դիվերսիֆիկացման միջոցով նվազեցնենք Հայաստանի արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից. Քերոբյան

Փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի աջակցությամբ մշակվող` ՀՀ 2025-2030թթ․ արտահանման ռազմավարության վերլուծական զեկույցի արդյունքների վերաբերյալ աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։

Քննարկվել են արտահանման ռազմավարության մշակման առաջին փուլի արդյունքներով կազմված՝ ՀՀ արտահանման ռազմավարության տեսլականը և հիմնական ուղղությունները, ներկայացվել է վերլուծության իրականացման մեթոդաբանությունը, արտահանման առաջնային ապրանքներն ու ուղղությունները և ապրանքների համապատասխանությունն առաջարկվող շուկաներին:

«Արտահանումը ցանկացած երկրի տնտեսության ողնաշարն է, որն ապահովում է երկրի մրցունակությունը, դիմադրողականությունը և զարգացումը։ 
Այս ռազմավարությամբ պետք է փորձենք նվազեցնել Հայաստանի արտահանման ռիսկերը, դիվերսիֆիկացման միջոցով նվազեցնենք արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից՝ շեշտը դնելով այն շուկաների վրա, որոնք դեռևս բացահայտված չեն մեզ համար։ Պիտի ստեղծենք այնպիսի գործիքակազմ, որը կնպաստի շուկաների բացահայտմանը»,- նշել է Վահան Քերոբյանը։

Առաջիկայում քննարկումներ են նախատեսված մասնավոր հատվածի ներկայացուցիչների և շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչների հետ ևս։