G7-ի ֆինանսական առաջնորդները դեմ հանդես կգան Facebook-ի Libra կրիպտոարժույթին

G7-ի ֆինանսական առաջնորդները դեմ հանդես կգան Facebook-ի Libra կրիպտոարժույթին

Աշխարհի յոթ խոշոր տնտեսությունների ֆինանսական ղեկավարները դեմ կլինեն Facebook-ի Libra կրիպտոարժույթը գործարկելուն, մինչեւ դրա պատշաճ կարգավորումը, ասված է G7-ի հայտարարության նախագծում:

Նախագծում, որը պատրաստվել է ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի նախագահների հանդիպման համար, ասվում է, որ թվային վճարումները կարող են բարելավել ֆինանսական ծառայությունների հասանելիությունը, նվազեցնել անարդյունավետությունը եւ ծախսերը: Բայց վճարման այդպիսի ծառայությունները պետք է համապատասխան վերահսկողության եւ կարգավորման ենթարկվեն, որպեսզի չխաթարեն ֆինանսական կայունությունը, սպառողների պաշտպանությունը, գաղտնիությունը, հարկումը կամ կիբեռանվտանգությունը, հայտնում է Reuters-ը, որը ծանոթացել է նախագծին։

Նշվում է, որ առանց պատշաճ վերահսկողության, այդպիսի սթեյբլքոինները կարող են օգտագործվել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման համար, ինչպես նաեւ սպառնալ շուկայի ամբողջականությանը, կառավարել եւ խաթարել իրավական որոշակիությունը:

«G7-ը շարունակում է պնդել, որ սթեյբլքոինների ոչ մի գլոբալ նախագիծ չպետք է սկսի աշխատել, քանի դեռ այն պատշաճ կերպով չի բավարարում համապատասխան իրավական, նորմատիվ պահանջները»:

Կրիպտոարժույթները կապված են ավանդական արժույթների կամ ակտիվների զամբյուղի հետ եւ օգտագործվում են վճարումներ կատարելու կամ արժեք պահելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում