Անհրաժեշտ է համայն հայության համախմբումը՝ առաջ ընթանալու համար. «ՀՀ»-ի հարցազրույցը ԱՀ ԱԳ նախարար Բաբայանի հետ
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը Արցախի Հանրապետություն արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ։
-Պարոն Բաբայան, ինչպե՞ս կբնութագրեք ռազմաքաղաքական իրադրությունն Արցախում:
-Բավականին յուրահատուկ եւ մտահոգիչ: Մի առիթով ասել եմ, որ Արցախը ծանր վիրավորվելուց հետո վերակենդանացման բաժանմունքում է, եւ բուժվելու, կազդուրվելու համար համբերություն, ժամանակ է պահանջվում: Վերակենդանացման դինամիկան նկատվում է արդեն, բայց մղձավանջից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ համայն հայությունը համախմբվի, կարողանա միասին հաղթահարել բոլոր դժվարությունները:
-Ձեր՝ որպես արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, համոզմամբ որո՞նք են 44-օրյա պատերազմում հայկական կողմի անհաջողության հիմնական պատճառները:
-Կարծում եմ, որ մենք չենք պարտվել Ադրբեջանին, այլ պարտվել ենք ինքներս մեզ: Թերացումները պետք է փնտրել արժեհամակարգի, հայերիս բնորոշ ավանդական «սայթաքումների» մեջ: Ահա թե ինչու պարտավոր ենք հետեւություններ անել, անհրաժեշտ դասեր քաղել անցյալի սխալներից: Ես ավելի քան համոզված եմ, որ մեզ հաջողվելու է ապաքինվել ու լիարժեք բուժել պատերազմի պատճառած վերքերը:
-Որքանո՞վ եք իրատեսական, հայանպաստ որակում 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը: Բավարար համարո՞ւմ եք, արդյոք, փաստաթղթի պահանջների իրագործումը, երկրում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ռուս խաղաղապահների առաքելությունը:
-Հարցի վերաբերյալ ունեմ իմ կարծիքը՝ հիմնված եթեների վրա: Կարո՞ղ էինք խուսափել պատերազմից: Կարծում եմ՝ այո, եթե գործի դրվեին քաղաքական, ռազմական եւ դիվանագիտական բոլոր լծակները: Կարո՞ղ էինք հաղթանակի հասնել: Իհարկե, եթե ավելի գրագետ վարվեին մարտերը: Նոյեմբերի 9-ի դրությամբ առաջարկվող եռակողմ պայմանագիրն այլընտրանք չուներ: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրինակով, պիտի ստեղծվի համապատասխան հանձնաժողով, որպեսզի վեր հանվեն բոլոր բացթողումներն ու թերացումները: Ինչ վերաբերում է խաղաղապահների գործոնին, ապա վստահ կարող եմ ասել, որ ռուս խաղաղապահ ուժերն այստեղ խաղաղություն եւ կայունություն ապահովող այն ուժերն են, որոնք ապացուցել են Արցախում վերստին բախումներ թույլ չտալու իրենց հաստատակամությունն ու հետեւողականությունը:
-Իբրեւ դիվանագետ՝ ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի կարգավիճակը: Երկրի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման, նրա ճակատագրի վերաբերյալ որո՞նք են Ձեր կանխատեսումները:
-Ես միշտ էլ իրատեսական քաղաքականության կողմնակից եմ եղել: Ընդհանրապես՝ արտաքին քաղաքականությունը եւ աշխարհաքաղաքականությունը շատ կոշտ երեւույթներ են: Այդ առումով աններելի է դիլետանտի կամ անտեղյակի կեցվածք դրսեւորելը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Կարգավիճակի հարցը մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող խնդիրներից է մնում, եւ հստակ պետք է նշել, որ Արցախը երբեւէ Ադրբեջանի կազմում չի լինելու: Երկրի միջազգային ճանաչման ջանքերը շարունակում են մնալ արտաքին քաղաքականության օրակարգում: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ Արցախի սուբյեկտայնության խնդիրը մեզ համար առանցքային է համարվում, ինչով եւ պայմանավորված են մեր բոլոր քայլերը: Պետք է գիտակցել մի պարզ ճշմարտություն, եթե դադարենք սուբյեկտ լինելուց, ապա հատկապես տարածքային եւ մարդկային կորուստներից հետո դժվար կլինի գոյատեւելը: Մեր լինելիությունը տարածաշրջանային պատկեր է փոխում: Մի բան է՝ տարածաշրջանն առանց հայկական Արցախի, մեկ այլ բան՝ եթե կանք եւ ապրում ենք պատմական մեր հողի վրա: Բայց դա բավարար չէ, որպեսզի լինենք լիարժեք սուբյեկտ: Ամենահուսալի կռվանը Արցախի տեղն ու դերն են սփյուռքում եւ Հայաստանում: Համազգային նշանակության հարցերի տեսանկյունից Արցախը պիտի լինի արժեք: Եթե դրան հասնենք, նաեւ այլ խաղացողներ ու պետություններ, այդ թվում՝ գերտերություններ հաշվի են առնելու մեր սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտությունը:
-Ամենատարբեր առիթներով Դուք հաճախ եք անդրադառնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ նշելով, որ «արցախյան խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»: Տարածաշրջան կատարած հերթական այցի ժամանակ համանախագահները շրջանցեցին Ստեփանակերտը: Ի՞նչ է դա նշանակում՝ քամահրանք արցախցիների ու նրանց իրավունքների նկատմամբ, թե՞, ընդհանրապես, խնդրի անտեսում:
-Կարծում եմ, որ դա պարզապես վրիպում է եղել, որովհետեւ համանախագահների կողմից հետագայում հայտարարություններ են արվել Արցախ այցելելու վերաբերյալ: Մինսկի խմբի ձեւաչափը դեռ իրեն չի սպառել, ինչի մասին խոսում են համանախագահող բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան:
-Արցախի խորհրդարանը, արտգործնախարարությունը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, հայկական մի շարք կազմակերպություններ բազմիցս են միջազգային կառույցներին, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմումներ եւ բողոքներ հղել երկրի պատմամշակութային հուշարձանների, մասնավորապես՝ Շուշիի Սբ Ամենափրկիչ եկեղեցու ոչնչացման ու պղծման կապակցությամբ, սակայն դրանք առայսօր մնում են անարձագանք: Ինչո՞ւ Արցախի պարագայում շարունակում են գոցված մնալ միջազգային կազմակերպությունների դռները:
-Խնդիրն այն է, որ միջազգային մարդասիրական իրավունքը, դժբախտաբար, աշխարհաքաղաքական շահերի համեմատ, հետին պլան է մղվում: Չպետք է միամիտ լինել, թե անմիջապես արձագանք է լինելու: Երկար ժամանակ, համբերություն, կամք եւ քրտնաջան աշխատանք է պետք: Մշակութային ցեղասպանության վերաբերյալ մի շարք միջազգային կառույցների կողմից հայտարարություններ են եղել: Բայց դա քիչ է: Շատ կարեւոր է, որ երկկողմ խողովակների միջոցով կանխվի մշակութային ցեղասպանությունը: Այս առումով, կարծում եմ, կարեւոր դերակատարում ունի Ռուսաստանը: Դադիվանքը որ չի ոչնչացվել, առաջին հերթին Ռուսաստանի իշխանությունների հատուկ դիրքորոշման շնորհիվ է: Մշակութային ցեղասպանությունը բարբարոսաբար շարունակվում է թշնամու հսկողության տակ գտնվող հայկական բոլոր բնակավայրերում, իսպառ ոչնչացվում են եկեղեցիներն ու վանքերը, մշակութային կոթողները, գերեզմանոցները: Ոտնատակ տալով սրբությունները՝ սրբատաշ քարերը թշնամին անգամ օգտագործում է փողոցների ու ճանապարհների սալապատման նպատակով, ինչը բարոյականության շրջանակներում չի տեղավորվում…
-Չնայած ռուս խաղաղապահների եռանդուն ջանքերին, անկեղծ լինենք, Արցախում ոչ բոլորն են իրենց անվտանգ զգում, մարդիկ ապրում են հակառակորդի կողմից վերստին լայնածավալ պատերազմ սանձազերծելու սպառնալիքների ներքո: Ձեր համոզմամբ՝ արցախցին կարո՞ղ է վստահ լինել, որ իր երկրի, իր հողի ու օջախի օրինական տերն է, որ իր իրավունքները պաշտպանված են, եւ Արցախի անվտանգությունը հուսալի ձեռքերում է:
-Ցավոք, այնպիսի մի տարածաշրջանում ենք ապրում, որ լայնածավալ պատերազմի հավանականություն միշտ էլ կա: Պատահական չէ, որ ռուս խաղաղապահների կողմից իրադրությունը վերահսկվում է, եւ անվտանգության երաշխիքներ, այնուամենայնիվ, ունենք: Հակառակորդի նպատակն է սադրիչ գործողություններով, ժողովրդին ահաբեկելով հայաթափել Արցախը: Գաղտնիք չէ եւ այն, որ թշնամին ամեն կերպ փորձում է խարխլել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, ինչը նրան երբեք չի հաջողվի: Խաղաղապահները, գտնվելով Արցախում եւ իրականացնելով իրենց առաքելությունը, լավ են հասկանում, թե ով է իր պատմական հողի օրինական տերը, եւ ինչի համար են հարյուրավոր հայորդիներ նահատակվել…
Զրուցեց Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Ստեփանակերտ
Կարծիքներ