ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան
Ազգային ժողովն արտահերթ նիստում վավերացրեց Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան: Կողմ քվեարկեց 71 պատգամավոր:
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ Վարձկանների հավաքագրման և ֆինանսավորման մասին ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան ստորագրվել է 1989 թվականին, ուժի մեջ է մտել 36 պետությունների համար։
Գրիգորյանի խոսքով՝ կոնվենցիան ամրագրում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը և ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են պետությունների, ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում։
«Կոնվենցիային անդամակցելով՝ մենք վերահաստատելու ենք մեր հանձնառությունն օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների և վարձկանների հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավոր ասամբլեայի մի շարք բանաձևերին, ինչպես նաև ԵԱՀԿ Նախարարների խորհրդի որոշումների իրականացմանը։ Երկրորդ՝ կոնվենցիային միանալով՝ 5-րդ հոդվածի 2-րդ կետը կարող է օգտագործվել 1997 թվականից դեռևս այս կոնվենցիայի կողմ հանդիսացող Ադրբեջանի դեմ սույն թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների՝ որպես վարձկաններ օգտագործման առնչությամբ։ Երրորդ՝ կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետը կարող է օգտագործվել Թուրքիայի նկատմամբ, որը թեև չի վավերացրել այս կոնվենցիան, սակայն կոնվենցիայի իմաստով հանդիսանում է որպես հանցակից կողմ, որը պատասխանատվություն ունի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկներին ֆինանսավորելու, հավաքագրելու, ուսուցանելու և Ադրբեջան ուղարկելու համար»,- ասաց նա։
Կարծիքներ