Մերձավոր Արևելքում ճգնաժամը սրման եզրին է․ Հունգարիայի ԱԳ նախարար
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի և Իրանի ԱԳ նախարարների հետ։ Զրույցների ընթացքում հաստատվել է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամային իրավիճակը սրման եզրին է։
«Այսօր հեռախոսով խոսեցի իմ իսրայելցի գործընկեր Իսրայել Կացի և իմ իրանցի գործընկեր Ալի Բաղերի Քանիի հետ, որոնց հետ զրույցները, ցավոք, ևս մեկ անգամ հաստատեցին, որ մենք գտնվում ենք եզրին», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Սիյարտոն գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։
Նրա խոսքով՝ Հունգարիայի դիրքորոշումն է՝ կանխել Իսրայելի վրա հերթական հարձակումը, ինչպես անցյալ տարվա հոկտեմբերին, բայց միաժամանակ պետք է ամեն ինչ անել, որպեսզի կանխվի խոշոր տարածաշրջանային պատերազմի բռնկումը։
«Եթե Մերձավոր Արևելքի ներկայիս ճգնաժամը տարածվի մեկ այլ երկիր, այն դրանով չի դադարի։ Հակամարտությունը հեշտությամբ կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի, որը կարող է վտանգ ներկայացնել ամբողջ գլոբալ անվտանգությանը»,- ընդգծել է Սիյարտոն՝ միջազգային հանրությունը կոչ անելով կենտրոնանալ էսկալացիայի կանխման վրա։
Նախորդ շաբաթ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան մասին Թեհրանում նրա նստավայրին իսրայելական հարվածի հետևանքով, ուր նա ժամանել էր Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու։ Շարժումը Հանիեի մահվան մեջ մեղադրել է Իսրայելին ու ԱՄՆ-ին և նշել, որ հարձակումն անպատասխան չի մնա:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը շեշտել էր, որ ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և դրանում Իսրայելի մասնակցության մասին։ Իսրայելական բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել էին, որ իրենք չեն արձագանքում ԶԼՄ-ների հաղորդագրություններին Հանիեի սպանության մասին։ Jerusalem Post-ը գրել էր, որ Իսրայելի իշխանությունները նախարարներին հանձնարարել են չբարձրաձայնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին։
Կարծիքներ