WSJ-ի լրագրող Գերշկովիչին Ռուսաստանում դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով
Սվերդլովսկի շրջանային դատարանը The Wall Street Journal-ի մոսկովյան բյուրոյի աշխատակից, ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչին դատապարտել է 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Interfax-ի թղթակիցը:Գերշկովիչը մեղավոր է ճանաչվել լրտեսության մեջ: Դատավճիռն առայժմ օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել 15 օրվա ընթացքում։ Դատարանն անփոփոխ է թողել խափանման միջոցը՝ կալանքը, մինչև Գերշկովիչի նկատմամբ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։Լրագրողի նկատմամբ դատավճռի հրապարակումից հետո Գերշկովիչի փաստաբանները լրատվամիջոցներին մեկնաբանություն չեն տվել։Իր հերթին Սվերդլովսկի շրջանային դատարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ամբաստանյալը չի ընդունում մեղքը։ 1991 թվականին ծնված ԱՄՆ քաղաքացի Գերշկովիչի ձերբակալության մասին 2023 թ. մարտի 29-ին հայտնել էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։ Հետաքննության վարկածի համաձայն՝ Գերշկովիչը ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության հանձնարարությամբ 2023 թվականի մարտին Սվերդլովսկի մարզում գաղտնի տեղեկատվություն է հավաքել ռազմական տեխնիկայի արտադրությամբ և վերանորոգմամբ զբաղվող «Ուրալվագոնզավոդ» պաշտպանական ձեռնարկության գործունեության մասին:ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Գերշկովիչը ձերբակալվել է «գաղտնի տեղեկատվություն ստանալու փորձի ժամանակ»։ Գերշկովիչի փաստաբանները պնդում են, որ նա լրագրողական գործունեություն է իրականացրել։Ամերիկյան իշխանությունները բազմիցս անօրինական են անվանել Գերշկովիչի ձերբակալությունը և նշել, որ ձգտելու են հասնել նրա ազատ արձակման։
Կարծիքներ