ԵԺԿ-ն կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը խիստ մտահոգված է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի սանձազերծած գործողությունների հետևանքով ստեղծված իրադրության առնչությամբ:
«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահման խախտումները: Միանշանակ կերպով չենք ընդունում, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը կարող է միջոց հանդիսանալ՝ տարածաշրջանում հասնելու քաղաքական նպատակների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
ԵԺԿ-ն նշել է, որ կենսական անհրաժեշտություն են միջազգային կանխարգելիչ մեխանիզմները և ռազմական գործողությունների միջազգային հետաքննությունը, այդ թվում և համապատասխան պատժամիջոցների կիրառումը ագրեսորների նկատմամբ:
«Տարածաշրջանում տևական խաղաղությունը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և բանակցային լուծման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների հիման վրա»,- նշվում է ԵԺԿ հայտարարության եզրափակիչ հատվածում:
Կարծիքներ