Աշխարհն ականատես կլինի հայերի ևս մեկ ցեղասպանության, որն այս անգամ կանխարգելելի է․ Լեմկինի ինստիտուտն ահազանգ է հնչեցրել
Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է: Այս մասին հայտարարել է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը:
Կառույցը բազմիցս զգուշացրել է, որ այս շրջափակումն Ադրբեջանի ղեկավարության ավելի լայն ցեղասպան նպատակների մի մասն է, որին աջակցում է նրա հավատարիմ դաշնակից Թուրքիան, ինչպես նաև Բաքվի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության գործողությունների շարունակությունն է։
Լեմկինի ինստիտուտը խիստ մտահոգված է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և հռետորաբանության գլոբալ հետևանքներով, որոնք միանգամայն անպատիժ քարոզվում են ամբողջ աշխարհում:
«Այս տեսակի ատելության հրահրումը պետք է հետաքննվի, այլ ոչ թե անտեսվի տեղական և ազգային իշխանությունների կողմից: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը շատ լուրջ է վերաբերվում մեղսակցությանը և հետամուտ է լինելու ցանկացած դատավարության, եթե աշխարհն աչք փակի հայ ժողովրդի աղետալի վիճակի վրա ու ականատես լինի ևս մեկ ցեղասպանության, որն այս անգամ լիովին կանխարգելելի է»,- նշված է հայտարարության մեջ:
Կարծիքներ