Որ ուժի օգտին կքվեարկեն Հայաստանի բնակիչները. հարցումները պարզել են քաղաքական նախընտրությունը

Որ ուժի օգտին կքվեարկեն Հայաստանի բնակիչները. հարցումները պարզել են քաղաքական նախընտրությունը

Հայաստանում հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բնակիչների քաղաքական նախընտրությունները պարզելու նպատակով հարցումներ են իրականացրել տարբեր հետազոտական կենտրոններ: Դրանք տարբեր պատկերներ են արտացոլել՝ քաղաքական կուսակցությունների, դաշինքների վարկանիշներից զատ, ի ցույց դնելով նաև քաղաքական գործիչների նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև մասնակցության տրամադրվածությունը:

EVN Report լրատվական կայքի հրապարակած՝ Հայաստանյան ընտրությունների հետազոտման կենտրոնի (Armenian Election Study) կողմից իրականացված հարցումների արդյունքներով՝ «Ում օգտին եք քվեարկելու հունիսի 20-ին կայանալիք ընտրություններում» հարցին քաղաքացիների 24 տոկոսը պատասխանել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 12 տոկոսը` «Հայաստան» դաշինքի, իսկ 2-ական տոկոս են ստացել «Բարգավաճ Հայաստան», «Ազգային ժողովրդավարական բևեռ», «Հանրապետություն» կուսակցությունները: Այդ հարցին չի  պատասխանել 9 տոկոսը, ոչ մեկին նշել է 6 տոկոսը, իսկ դժվարացել է պատասխանել 30 տոկոսը:

Քաղաքացիները նաև իրենց վերաբերմունքն են արտահայտել ընտրություններին մասնակցող քաղաքական գործիչների նկատմամբ: EVN Report լրատվական կայքի հրապարակած՝ Հայաստանյան ընտրությունների հետազոտման կենտրոնի (Armenian Election Study) հարցմամբ, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին քաղաքացիների 30 տոկոսը համարում է ազնիվ, 17 տոկոսը՝ կոմպետենտ, 51 տոկոսը՝ ոչ կոմպետենտ, միայն 2 տոկոսը՝ կոռումպացված:  «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 3 տոկոսն է համարում ազնիվ, 36 տոկոսը՝ կոռումպացված, 25 տոկոսը՝ կոմպետենտ, 36 տոկոսը՝ ոչ կոմպետենտ, «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին 2 տոկոսն է համարում ազնիվ, 25 տոկոսը՝ կոռումպացված, 6 տոկոսը՝ կոմպետենտ և 67 տոկոսը՝ ոչ կոմպետենտ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հարցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում մինչև հունիսի 16-ը: Այն իրականացվել է հեռախոսային հարցումների միջոցով, մասնակցել է 800 քաղաքացի: Հետազոտության ընտրանքային սխալը կազմում է 3 տոկոս:

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերության հարցմամբ այլ պատկեր է: «2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու» հարցին հարցվածների 28.7 տոկոսը նշել է, որ «Հայաստան» դաշինքի օգտին, 25.2 տոկոսը` «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, 10.8 տոկոսը` «Պատիվ ունեմ» դաշինքի, 5.4 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 5.2 տոկոսը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, իսկ 2.8 տոկոսը՝ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի օգտին: Այդ հարցին հրաժարվել է պատասխանել 5.2 տոկոսը, ոչ մեկին նշել է 2.7 տոկոսը, իսկ դժվարացել է պատասխանել 4.1 տոկոսը:

Հարցին, թե մասնակցելու են հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, քաղաքացիների 51.1 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ մասնակցելու է. 11.4 տոկոսը նշել է, որ ավելի շուտ մասնակցելու է, 13.8 տոկոսը ավելի շուտ չի մասնակցելու, իսկ 22.9 տոկոս նշել է, որ միանշանակ չի մասնակցելու:

Հարցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում, հունիսի 14-ից մինչև հունիսի 16-ը: Այն իրականացվել է հեռախոսային հարցումների միջոցով, մասնակցել է 1105 քաղաքացի: Հետազոտության ընտրանքային սխալը կազմում է 3 տոկոս:

«Ինտեր Ակցիա» հանրային զարգացման կենտրոնը ևս հարցումներ է անցկացրել Հայաստանում՝ պարզելու, թե ինչպիսի արդյունքներ կգրանցեն քաղաքական ուժերը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Որ կուսակցության կամ կուսակցությունների օգտին եք պատրաստվում քվեարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններին» հարցին քաղաքացիների 21.9 տոկոսը նշել է, որ քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 20.8 տոկոսը` «Հայաստան» դաշինքի, 12.2 տոկոսը` «Պատիվ ունեմ» դաշինքի, 5.1 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին: Այդ հարցին դժվարացել է պատասխանել 21.5 տոկոսը, ոչ մեկին նշել է 0.2 տոկոսը: Հարցումը կատարվել է հունիսի 13-16-ին: Հարցմանը մասնակցել է 3641 քաղաքացի, նրանցից 1270-ը՝ Երևանում, 2371-ը՝ մարզերում: Հարցմանը մասնակցել են տարբեր տարիքների ու սեռերի քաղաքացիներ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում