Եվրո-2024․ Իսպանիայի հավաքականը շանս չտվեց Իտալիային
Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Գելզենկիրխենի «Վելտինս Արենա» մարզադաշտում, որում ուժերը չափեցին Իսպանիայի և Իտալիայի հավաքականները։
Մեկնարկային րոպեներից իսպանացիների գրոհներն ավելի վտանգավոր էին, ունեին տարածքային առավելություն, սակայն իտալական պաշտպանությունն ամուր էր, իսկ բազմափորձ դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման՝ տեղում։ Գրեթե ողջ առաջին խաղակեսում պատկերը չփոխվեց․ Իսպանիան հարձակվում էր, Իտալիան՝ պաշտպանվում և փորձում հակագրոհների միջոցով հասնել հաջողության, սակայն առաջին 45 րոպեներին դարպասի գրավում չարձանագրվեց։
Ընդմիջումից հետո խաղադաշտում, բացի դարպասի փոփոխությունից, ոչինչ չփոխվեց։ Իսպանացիները շարունակում էին «գնալ գոլի հետևից», և այն սպասեցնել չտվեց։ 55-րդ րոպեին Դոնարումայի հետ մղած գնդակը դիպավ իտալացիների պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիին և հայտնվեց ցանցում՝ 1։0։
Երկրորդ խաղակեսի միջնամասում Եվրոպայի գործող չեմպիոնը փորձում էր շտկել իրավիճակը, սակայն իսպանացիների հարվածներն ավելի սուր էին, դիպուկ, և երբ անգամ Դոնարուման էր անզոր՝ օգնության էր հասնում դարպասաձողը։ Հանդիպման ավարտին ևս Լուչանո Սպալետիի սաներն ակտիվացել էին և փորձում էին փրկել խաղը, սակայն՝ ապարդյուն։
Մինչև վերջին վայրկյանները բազմաթիվ գոլային պահեր ստեղծած Իսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով՝ այն էլ մրցակցի ինքնագոլի շնորհիվ, սակայն արժանիորեն վաստակեց 3 միավոր։ Եվրոպայի առաջնության խմբային տուրի վերջին խաղում իսպանացիների մրցակիցն Ալբանիայի հավաքականն է, իսկ ահա Իտալիայի ընտրանին պետք է փորձի հաղթել Խորվաթիայի հավաքականին։
Կարծիքներ