Ահմադ Մասուդի զորքերը ջախջախել են թալիբներին Փանջշերի մատույցներում
Ահմադշահ Մասուդի որդու՝ Ահմադ Մասուդի զորքերը ջախջախել են թալիբներին Փանջշերի մատույցներում՝ խափանելով ճեղքման նրանց փորձը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Սպուտնիկ Տաջիկստանին» հայտնել է Փանջշերյան դիմադրության ճակատի մամուլի քարտուղար Ֆահիմի Դաշտին:
Ըստ աղբյուրի՝ ռազմական բախումը դիմադրության ուժերի և թալիբների միջև տեղի է ունեցել Անդարոբի մոտ:
Դաշտին պատմել է, որ դիմադրության ուժերը՝ Թուղրալի Անդարոբի հրամանատարությամբ, տակտիկական նահանջ են կատարել դեպի Սարաբի կիրճ՝ այդպիսով թալիբներին գցելով ծուղակը: Ռազմական այդ խորամանկության արդյունքում սպանվել է 10 թալիբ, ևս 50-ը տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
Անդարոբը դեպի երկրի արևելքում գտնվող Փանջշերյան կիրճ տանող ամենահեշտ և բաց ճանապարհներից մեկն է: Փանջշերյան կիրճն այժմ դարձել է հակաթալիբանական ուժերի հիմնական կենտրոնը՝ «Հյուսիսային ալյանսի»՝ ահաբեկիչների կողմից 20 տարի առաջ սպանված առաջնորդ Ահմադշահ Մասուդի որդու Ահմադ Մասուդի և Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի գլխավորությամբ:
Նշենք, որ Ահմադշահ Մասուդը 1980-ականներին կռվել է նաև Աֆղանստան մտած խորհրդային զորքերի դեմ: Հենց նրա դեմ են խորհրդային զորքերն 1982 թ. մայիսի 16-ին իրականացնում խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետ, գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի՝ հետագայում դասագրքային դարձած Փանջշերյան 5-րդ օպերացիան:
Կարծիքներ